Աստանայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ 1.5 ժամ տեւած հանդիպմանը Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ներդրումային գործընթացներին եւ Աքքույու ատոմակայանի շինարարությանը՝ նշելով, որ մոտ ապագայում թերեւս հնարավոր կլինի գործարկել առաջին էներգաբլոկը:
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը ամբողջ ծավալով շարունակում է գազ մատակարարել Թուրքիա: Նա նշել է, որ «Թուրքական հոսքը» բարեհաջող աշխատում է, թեեւ այն փորձել էին պայթեցնել։ «Պարզվեց՝ Անկարան Մոսկվայի ամենահուսալի գործընկերն է Եվրոպա գազի մատակարարման հարցում: Թուրքիայում կարող է նաեւ գազային հանգույց կառուցվել, որը կծառայի որպես գազի գնի որոշման հարթակ, եւ կբացառվի այս հարցի քաղաքականացումը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
Ըստ Առաջինի լրատվական ալիքի՝ Պուտինը նշել է, որ հացահատիկային միջանցքով ուկրաինական հացահատիկ ստացող երկրները պետք է երախտապարտ լինեն Էրդողանին:
Էրդողանը ցանկություն է հայտնել Թուրքիայի տարածքով մեծացնել ռուսական պարարտանյութերի եւ ցորենի մատակարարումը զարգացող երկրներ: