Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում: ՌԴ նախագահն այդ մասին ասել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը մեկնարկել է Աստանայում։
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ բազմիցս հանդիպել են եռակողմ ձեւաչափով: Ըստ նրա՝ վատ չէր լինի նորից հավաքվել։
«Սիրով հրավիրում եմ ե՛ւ Ադրբեջանի նախագահին, ե՛ւ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, կարող ենք համաձայնեցնել օրը։ Հուսով եմ` հետաքրքրվածություն կա։ Հանդիպենք Ռուսաստանի ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ Վլադիմիր Պուտինը դրանք ոչ կոռեկտ եւ անընդունելի է համարել:
Ըստ Պուտինի՝ ինքը զարմանքով կարդացել է Պրահայի հանդիպման արդյունքներով հնչեցրած Ֆրանսիայի նախագահի խոսքերը, որոնցում, ըստ ՌԴ նախագահի, բացակայում են հակամարտության բուն ընթացքի ընկալումը, կողմերի դիրքորոշման մասին տեղեկությունը: Պուտինը ենթադրել է, որ հնարավորություն կլինի հարցը քննարկելու անձամբ Ֆրանսիայի նախագահի հետ։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորելու ցանկացած հակամարտություն, այդ թվում ՝ կապված Ղարաբաղի հետ։
«Իհարկե ողջունում ենք որեւէ մեկի միջնորդական ջանքերը, կարեւորը՝ դրանք նպաստեն իրավիճակի հանդարտեցմանը, լինեն չկարգավորված հակասությունների եւ հակամարտությունների բոլոր մասնակիցների օգտին»,– ասել է Պուտինը: