Յոթ տարի առաջ Թամար Տումպալեան-Թիթիզեանը 4-ամյա դստեր ու ամուսնու հետ Լիբանանից Հայաստան տեղափոխվեց։ Ամուսինները ցանկանում էին, որ իրենց դուստրը հայրենիքում մեծանա, դպրոց հաճախի։ Հայրենիք տեղափոխվելուց անմիջապես հետո հաստատվեցին Արցախում՝ Աղավնոյում։ Մինչեւ պատերազմն ու տեղահանությունը Թամարն իր ընտանիքի հետ հարազատ Աղավնոյում հրաշալի կյանքով էր ապրում․․
2022 թվականի օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Աղավնո է գնացել ու տեղեկացրել՝ օգոստոսի 25-ին ռուսները դուրս են գալու, ազերիներն են մտնելու Աղավնո։
«Խանումյանն ասաց՝ ուզում եք՝ մնացե՛ք Աղավնոյում, ուզում եք՝ դո՛ւրս եկեք գյուղից։ Հետո ասաց՝ կարող եք Հին Շեն, Մեծ Շեն տեղափոխվել կամ Ասկերանի շրջանի Օհանավան գյուղ, որը Խոջալուին շատ մոտ է։ Ասացի՝ Խանումյա՛ն, դու էլ արի՛, ընտանիքդ բե՛ր, միասին ապրենք Աղավնոյում կամ Օհանավանում։ Կբերե՞ր, իհարկե չէ՛ր բերի։ Կարծում եք՝ նրա, Արայիկ Հարությունյանի կամ մյուսների ընտանիքի անդամներն Արցախո՞ւմ են ապրում, էլ չեմ ասում՝ նման գյուղերում կապրեի՞ն։ Հազիվ մեզ նմաններին են ասում՝ գնացե՛ք, ապրե՛ք այդ գյուղերում, ստացվում է՝ ասում են՝ գնացե՛ք, մեռե՛ք»,- պատմում է Թամարը։
Օգոստոսի 4-ին, երբ Հայկ Խանումյանը նման հայտարարություն էր արել, Թամարը սկզբում մտածել էր՝ գուցե մի բան փոխվի, եւ Աղավնոն բաժին չհասնի թշնամուն, քանի որ դեկտեմբերի 1-ին էլ լուրեր էին շրջանառվել, թե Աղավնոյից ռուսները պետք է դուրս գան, բայց նման բան չեղավ այդ ժամանակ։ Մի քանի օր անց, սակայն, Թամարն ու Աղավնոյի մյուս բնակիչները հասկացան՝ այդ անգամ իրավիճակն այլ էր․․․
«Հետո հասկացա՝ ծախել են մեր Աղավնոն։ Չեմ ասում՝ տվել են, ասում եմ՝ ծախե՛լ են մեր գյուղը, Արցախը․․․ Էլ ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ թույլ չէին տալիս՝ մեր տներն այրեինք, չէին թողնում, որ մարդիկ իրենց տան դուռը կամ լուսամուտը հանեին։ Հայ ոստիկաններն Աղավնոյում հսկում էին, ասում էին՝ տներից միայն ձեր իրերը կարող եք հանել»,- հիշում է Թամարը։
Ամուսինը հաշմանդամություն ունի, չէր կարող տունն այրել, Թամարն էլ չի կարողացել, հազիվ հասցրել է իրերը հավաքել։ Նա հիմա ափսոսում է, որ չի կարողացել մի ելք գտնել ու տունն այրել, մտածում է՝ ոչ միայն իրենց տունը, այլեւ ողջ գյուղը պիտի վառեին, որ ազերիները չվայելեին իրենց տները։ Երբ Հայկ Խանումյանին հարցրել են՝ ինչու թույլ չեն տալիս տներն այրել, նա ասել է՝ գուցե մի օր ամեն մարդ վերադառնա իր տուն։ Թամարն այս բացատրություն-պատճառաբանությունը ծիծաղելի ու ամոթալի է համարում։
«Քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս՝ մեր տներն այրեինք, ես մի ելք գտա․ հայհոյանքներ գրեցի պատերին, որ ազերիներն իմ տուն մտնելիս կարդան դրանք։ Ինձ վայել չէր, բայց արեցի, որ գոնե սիրտս մի քիչ հովանար»,- ասում է Թամարը։
Օգոստոսի 15-ին Թամարի ընտանիքը դուրս եկավ Աղավնոյից, իսկ 25-ին ադրբեջանցիները մտան գյուղ։ Բնակիչներին խոստացել էին սերտիֆիկատներ տրամադրել, որոնց միջոցով հնարավոր կլիներ նոր բնակարան ձեռք բերել, սակայն տեղահանվածներն այդ սերտիֆիկատները մինչեւ հիմա չեն ստացել։
«Ասացին՝ այն ընտանիքները, որոնք Երեւանում են ուզում բնակարան ձեռք բերել, կստանան 8 միլիոն դրամի սերտիֆիկատ, մարզերում բնակարան ցանկացողները՝ 10 միլիոն դրամի, իսկ Ստեփանակերտում ապրել ցանկացող ընտանիքները՝ 12 միլիոն դրամի։ Այդպես էլ ոչ մի սերտիֆիկատ չտվեցին»։
Աղավնոյի յուրաքանչյուր բնակիչ ամսական 40 հազար դրամ է ստանում․ Թամարի երեքհոգանոց ընտանիքը, որը 120 հազար դրամ է ստանում, հազիվ վճարում է Էջմիածնում տան վարձը, իսկ մյուս ծախսերի եւ հաշմանդամություն ունեցող ամուսնու համար դեղեր գնելու գումար չկա։ Թամարն ասում է՝ երբեք այսքան նեղ վիճակում չեն եղել։ Ավավնո տեղափոխվելուց հետո նա մի քանի տարի Բերձորում սուպերմարկետներից մեկում է աշխատել։ 2020-ին պատերազմի ժամանակ սուպերմարկետը փակեցին, «Ջենեսիս Արմենիա» կազմակերպությունը Աղավնոյում հացի փուռ բացեց, Թամարն այնտեղ էր աշխատանքի անցել․ փռի պատասխանատուն էր, տանն էլ լահմաջո, պիցցա, լիբանանյան ավանդական խմորեղեն եւ ուտեստներ էր պատրաստում ու վաճառում, իսկ ամուսինը Աղավնոյի դպրոցում համակարգչային օպերատոր էր:
Էջմիածին տեղափոխվելուց հետո Թամարը կրկին սկսել է խմորեղեն եւ ուտեստներ պատրաստել, առաջին օրերին պատվերներ կային, հիմա անհամեմատ քիչ են: Հաշմանդամություն ունեցող ամուսինը խնամքի կարիք ունի, Թամարը պետք է մնա տանն ու նրան խնամի, բայց պատրաստ է տանն աշխատելու, կիսաֆաբրիկատներ պատրաստելու․ փորձում է ռեստորանների հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ գոնե կարողանա օրվա հացի գումար վաստակել։ Աղավնոյում ապրում էին խաղաղ, ապահովված, աշխատանք, կայուն եկամուտ, տուն ունեին․ ոչինչ չի մնացել, միայն մի օր կրկին Աղավնո վերադառնալու հույսն է մնացել․․․
Թամարը գիշերները չի կարողանում քնել։ Ժամը 4-5-ին արթնանում է, չի համակերպվում այն մտքին, որ Աղավնոն ադրբեջանցիները զավթեցին։
«Այսքան անմխիթար ցավ անգամ 44-օրյա պատերազմի օրերին չէի զգացել, երբ գիշեր-ցերեկ մեր քաջ զինվորների համար հաց էինք թխում, պայքարում էինք, հավատում էինք, որ երեւի վերջը լավ կլինի։ Որ տեսա՝ այսպես ծախում են, ու տեսնում եմ՝ ամեն օր մեր վիճակն ավելի է վատանում․․․»,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ պատմում է Թամարը։
Նա ամեն գիշեր մտածում է, որ երբ արթնանա, իրենց տան նկարները չպետք է նայի, որ կորստի սատիկ ցավը կրկին չզգա, բայց էլի՛ նայում է, քանի որ շատ է կարոտում․ Աղավնոյի օդն ու ջուրն ուրիշ էին․․․ 11-ամյա դուստրն էլ հաճախ հիշում է Աղավնոն ու լալիս, չի համակերպվում այս վիճակին։
Տեղահանված արցախցիները միայնակ են մնացել իրենց ցավի հետ․ պատկան մարմինները մոռացել են իրենց խոստումների մասին։
«Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Արտակ Բեգլարյանը թող մի օր գան, տեսնեն՝ տեղահանվածներն ինչ օրի են, թող մի օր մեկը զանգի, հարցնի՝ ինչպես ենք․․․ Ձմեռ է գալիս, տունն ինչպե՞ս եմ տաքացնելու, երեխայի համար ինչպե՞ս եմ հագուստ ու կոշիկ գնելու։ Թողնեին՝ մենք մեր տներում ապրեինք․ շատ էլ լավ էինք ապրում։ Մենք մեր կամքով դուրս չեկանք, մեզ ստիպեցին, մեր տներից հանեցին։ Հիմա միակ երազանքս Աղավնոն է։ Ամեն օր քնելիս մտածում եմ՝ երանի՜ առավոտյան ելնեմ, զանգեն ու ասեն՝ հետ են վերցրել մեր Աղավնոն․․․ Աղավնոյի հող ու ջրի նման ուրիշ տեղ չկա, իմ փափագն Աղավնո վերադառնալն է»,- ասում է Թամարը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։