Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Օդային տագնապ» ազդանշանի ժամանակ անվտանգության պահպանման եւ բնակչության վարվեցողության կանոնները: Հայտարարության հանրամատչելի տարբերակը փակցված է տեսանելի վայրերում, տեղադրված է տարբեր գերատեսչությունների եւ անհատների սոցիալական էջերում:
Տեղյա՞կ են բնակիչները արագ արձագանքման կանոններին: Հայտարարության տեքստը կարդո՞ւմ են, թե՞ ուղղակի հերթական տառաշար են համարում. շենքերի դիմաց հարցախույզով պարզեցինք, որ ճնշող մեծամասնությունը չի կարդում: Պատսպարման համար նախատեսված վայրերով նույնպես հետաքրքրվողներ չկան: «Ինչ որ եղավ: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք…Մարդու ճակատին ինչ գրված է, այն էլ կլինի: Որ պատրաստվեցինք, ի՞նչ է փոխվելու»,- ասում են բնակիչները:
ԱԻՆ փրկարարական ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լեւոն Հովսեփյանն աում է՝ օդային տագնապի ազդանշանը տրվում է թշնամու հանկարծակի հարձակման դեպքում։
Էլեկտրաշչակների միջոցով տրվում է ձայնային երեք ազդանշան՝ 2-3 րոպե տեւողությամբ: Շիրակի մարզում այս պահին գործում են 65 շչակներ, որոնք քիչ են: Հովսեփյանը վստահեցնում է՝ եղածները սարքին պահելու համար վարչությունը մշտապես ուսումնասիրում ու վերանորոգում է չաշխատող շչակները:
Ձայնը լսելուն պես բնակիչներն առանց խուճապի մատնվելու պետք է իջնեն թաքստոցներ: Իսկ թե որքանով են պատրաստ մարզի բնակիչների պատսպարման համար նախատեսված վայրերը, այլ հարց է:
Գյումրիի «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանն ասում է՝ ամենախիտ բնակեցված նորակառույց Մուշ թաղամասի բազմաբնակարանները չունեն թաքստոցներ:
Հարկ եղած դեպքում նախատեսել են մարդկանց ուղղորդել մոտակա դպրոցի կամ մանկապարտեզի նկուղ, որոնք բավարար չեն մեծ թվով բնակիչների պատսպարելու համար:
Խիտ բնակեցված մեկ այլ՝ «Անի» թաղամասում խնդրի լուծումն ավելի հեշտ է. բոլոր բազմաբնակարաններն ունեն նկուղներ: Ասել, որ բոլոր նկուղները ենթակա են լիարժեք պատսպարան դառնալու, չափազանցված է: Նկուղները լցված են կենցաղային աղբով, մի քանիսն էլ՝ կեղտաջրերով: Եսայանն ասում է՝ բնակիչը միայն պահանջում է, թող մաքրի: Բնակիչն էլ թե՝ որ ամեն ինչ ես եմ անելու, էլ Կառավարությունն ինչի՞ համար է: Թողե՛ք մենք կազմակերպվենք, ձեզ էլ աշխատավարձ չտանք:
Խնդիրն ավելի մեղմ է գյուղական համայնքներում, քանի որ գրեթե բոլորն ունեն իրենց նկուղները: Շիրակի մարզի ամենամեծ խոշորացված համայնքի Ախուրյանի համայնքապետարանի ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Զոհրաբ Հունոյանը մշտապես շրջայցեր է կատարում բնակավայրերում:
35 բնակավայրերում ընդամենը 26 բազմաբնակարան շենքեր կան, որոնց նկուղները կարգի բերելու աշխատանքներն ընթացքի մեջ են: Հունոյանն ասում է՝ ցանկացած զարգացած երկրում, որտեղ եթե անգամ չկա պատերազմի լուրջ վտանգ, մարդիկ գիտեն, որ իրենց նկուղը պատրաստ պետք է լինի ապաստարան ծառայելու համար: Մասնագետը վստահեցնում է, որ մեզ մոտ գրեթե անհնար է գտնել մի ընտանիք, որտեղ պատրաստ պահում են փաստաթղթերի, բուժօգնության պարագաների, ջրի ու պահպանվող սննդի անհրաժեշտ պաշարի կապոց: «Կարգապահ լինելը շփոթում ենք վախկոտ լինելու հետ»:
Գյումրիում գործող երիտասարդական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը հետաքրքրվում է՝ հայտարարությունները որ փակցրել են, մարդկանց բացատրե՞լ են բուն էությունը:
«Լրջացնել է պետք հանրության հետ աշխատանքը, սա խուճապ չէ, խուճապը լինում է անիրազեկության դեպքում»: Արսենն իր շուրջն է հավաքել երիտասարդական խմբերի ու «կենացի մակարդակից անցել են գործնական քայլերի»: Երիտասարդները մաքրում ու կարգի են բերում քաղաքի ապաստարաններն ու իրազեկում մարդկանց, եւ բնակիչներն իրենք էլ են ներգրավվում աշխատանքներում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։