Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացը հիմնվելու է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա։
Նա նշել է, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու են ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմաններ:
Փաշինյանը կարեւորել է նաեւ հստակ պատասխան տալը այն հարցին, թե արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջեւ 1991-ին հաստատված սահմանները` որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր, ինչը եւս կարեւոր է ԱՊՀ տարածքում կայունության եւ անվտանգության համար։
«Առանց այս հարցերի հստակ պարզաբանման ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։ Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցին։ Փաշինյանը ԱՊՀ անդամ իր գործընկերներին կոչ է արել որոշում ընդունելուց առաջ կողմնորոշվելու մի շարք կարեւոր հարցերում:
«Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջեւ սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը»,– հայտարարել է ՀՀ վարչապետը։
Բաքուն շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ
Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ «Մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, եւ միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է»,– նշել է նա։
Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին` Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է:
«Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման եւ մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։