ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ եւ քննարկել առաքելության գործառույթների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր:
Գրիգորյանը կարեւորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Նա ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան եւ վերահաստատել առաքելությանը բոլոր հարցերում աջակցելու Երեւանի պատրաստակամությունը:
Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը Երեւան է ժամանել հոկտեմբերի 14-ին՝ նախապատրաստելու Եվրամիության դիտորդների այս ամիս սպասվող այցը Հայաստան։
Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները մտադիր են հոկտեմբերի 17-ին հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի խնդիրների լուծման համար 40 հոգուց կազմված քաղաքացիական առաքելություն ուղարկելու հարցը:
Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել անցած շաբաթ Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպմանը: