Հոկտեմբերի 12-ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Առաջադրված միակ թեկնածուի օգտին քվեարկեցին իր տասներեք թիմակիցներն ու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տասներեք անդամները բոյկոտել էին ավագանու նիստը՝ չներկայանալով։
Մինչեւ հոկտեմբերի 12-ը
Սեպտեմբերի 25-ին Ալավերդու ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունն իր 48,5%, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իր 46,8% ձայնով ավագանու հավասար մանդատներ էին ստացել։ Ընտրությունների ելքն իր ունեցած 2,4% արդյունքով պետք է որոշեր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, եթե կոալիցիա կազմեր մրցակից ուժերից որեւէ մեկի հետ։
Հոկտեմբերի 2-ին «Ապրելու երկիր»-ն ու «Հայ ազգային կոնգրես»-ը համագործակցության վերաբերյալ հայտարարություն տարածեցին՝ ասելով, որ «համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին»։ Նույն տրամաբանությամբ արդեն ընտրվելու էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալը՝ Տիգրան Պապոյանը, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում երկրորդ համարն էր (առաջին համարը ներկայացնող Նորայր Գեւրոգյանն ինքնաբացարկ էր ներկայացրել)։ Համայնքի ղեկավարի երկրորդ տեղակալի պաշտոնում, ըստ համատեղ հայտարարության, կրկին ՀԱԿ-ի ներկայացուցիչ պետք է նշանակվեր։
Միավորված Ալավերդու 28 բնակավայրերից հինգի՝ Օձունի, Շնողի, Մեծ Այրումի, Ծաթերի եւ Այգեհատի ղեկավարումը երկու կուսակցությունների համաձայնությամբ կրկին անցնում է ՀԱԿ-ի ներկայացուցիչներին, մնացած բնակավայրերում վարչական ղեկավարներ են նշանակվում ԱԵ-ից։
ՀԱԿ-ի որոշումից հետո
Համատեղ կառավարման հուշագրի ստորագրումից հետո պարզ էր, որ Ալավերդին առաջիկա հինգ տարիներին Արկադի Թամազյանն է ղեկավարելու։ Բայց մինչեւ ավագանու նիստի օրը քաղաքում կրքերը չէին հանդարտվում։
Կոալիցիա կազմած քաղաքական ուժերի հայտարարությունից օրեր անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու չորս անդամներ, այդ թվում Արեն Մկրտչյանը, ինքնաբացարկ էին ներկայացրել։
Սոցիալական ցանցերում փոխադարձ մեղադրանքներ էին հնչում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն, օրինակ, «Ապրելու երկրին» մեղադրում էին ընտրություններից առաջ «փող բաժանելու», իսկ ալավերդցիներին՝ «ծախված լինելու» համար։ «Ապրելու երկրի» կողմնակիցներն էլ բարձրաձայնում էին իրենց հանդեպ իշխանական կուսակցության ճնշումների մասին։ Ամենաշատ շրջանառվողը «Ապրելու երկրի» ավագանու մի քանի անդամներին եռամսյա զորավարժությունների տանելու լուրն էր։
«Ապրելու երկրի» առաջնորդ Մանե Թանդիլյանն էլ հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ իշխանությունները բոլոր ռեսուրսները կենտրոնացրել են՝ Ալավերդիում իրենց թիմակիցներին ահաբեկելու եւ համայնքի ղեկավարի ընտրությունները խաթարելու։
Հոկտեմբերի 12-ին այս մտավախությամբ էին թերեւս Թամազյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ Ախթալա եւ Ճոճկան բնակավայրերից Ալավերդի եկել։
«Ամբողջ գյուղը, ամբողջ ռայոնը թնդում ա։ Մեր ավագանիներին ինչո՞ւ են խանգարում, որ ձայն տան, ինչո՞ւ են բանակ տանում։ Էդ «եռամսյա»-ն էկավ, նոր ստեղծվե՞ց։ Որպես ի՞նչ են ավագանիներին բանակ տանում։ Մենք արդար ընտրություն ենք ուզում, եթե չեղավ, մինչեւ Երեւան գնալու ենք»,- ասաց Ալավերդու համայնքապետարանի շենքի մոտ հավաքված կանանցից մեկը՝ նշելով, որ արդարության պահանջով են այստեղ։
ՔՊ-ն՝ բացակա
Ավագանու առաջին նիստի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության, երդման արարողության կազմակերպման, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը որոշելու մասին հարցերն էին։ Թեեւ ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագրի» 13 անդամները բացակայում էին նիստից, քվորումը 13+1 ձեւաչափով ապահովեցին «Ապրելու երկիր»-ն ու «Հայ ազգային կոնգրես»-ը։ Օրակարգի բոլոր հարցերն ավագանին քննարկեց եւ հաստատեց։
Թե ինչ գործողություններ են եղել «իրենց թիմակիցներին ահաբեկելու եւ ընտրությունները խաթարելու» նպատակով, նորընտիր համայնքապետ Արկադի Թամազյանը չմանրամասնեց։
«Ցանկացած քաղաքական գործողության ժամանակ լինում են խմորումներ, բայց փառք Աստծո, ամեն ինչ հարթ անցավ։ Ցանկալի կլինի, որ հաջորդ նիստերին ներկա լինեն (հեղ․՝ ավագանու ՔՊ անդամները), քանի որ իրենք ժողովրդի ահագին մեծ զանգվածի քվեն են ստացել, վերջիվերջո մարդիկ վստահել են, լավ կլինի՝ գան, որ նորմալ, աշխատանքային պրոցես ընթանա»,- նշեց համայնքի ղեկավարը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ ասաց՝ զարմացած է, որ ժողովրդավարության հաղթանակի մասին միշտ բարձրաձայնող, Ազգային ժողովի նիստերը բոյկոտելու համար ընդդիմությանը քննադատող իշխող քաղաքական ուժն այսօր առանց որեւէ պատճառի չի ներկայացել նիստի՝ արտահայտելով իր իրական վերաբերմունքը ժողովրդավարության սկզբունքներին։
«Իրենց այսօրվա չներկայանալը նիստին ուղիղ գնահատականն է նրա, թե ինչքան կարեւոր է իրենց համար այս համայնքապետարանը։ Եթե իրենք մի քիչ ավելի հանգիստ վերաբերվեին այս հարցին, չեմ կարծում, որ կընկնեին հոգեկան այնպիսի տվայտանքների մեջ, որ չկարողանային անգամ ներկա լինել թեկուզեւ փոքրիկ, բայց ժողովրդավարության մի տոնի»,- նշեց Զուրաբյանը։
Լոռու մարզպետարանի մի քանի պաշտոնյաների հետ ավագանու նիստին եկած փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագրի» բոյկոտի մասին ասաց՝ տեղյակ չի եղել․ այս մասով քաղաքական որոշում, ըստ նրա, չի եղել։
«Այստեղ ամենակարեւորը ալավերդցու շահն է, որեւիցե հարց կախված չէր ներկա լինել-չլինելուց, բնակչի հարց չէր քննարկվում, քաղաքի վերակառուցման աշխատանքներ իրականացնելու հարց չէր քննարկվում։ Հույս ունեմ, որ առաջիկա նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտադիր ներկա կլինի»,- նշեց փոխմարզպետը։
Նիստից հետո իշխող կուսակցության համամասնական ցուցակից ավագանու կազմ անցած Հարություն Ձավարյանն «Ալիք Մեդիա»-ին հեռախոսով հայտնեց, որ տարօրինակ է համարում ՀԱԿ-ի՝ «Ապրելու երկրին» միանալու որոշումը։ Իսկ այս նիստին չգալն, ըստ ավագանու անդամի, քաղաքական որոշում է եղել։
«Առաջիկա նիստերին գալու եմ, մասնակցելու եմ ակտիվ»,- եզրափակեց Հարություն Ձավարյանը։
Ալավերդիում հոկտեմբերի 15-ին համայնքի ղեկավարի երդման արարողության նպատակով ավագանու նիստ էր նշանակված։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կրկին ներկա չէր։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։