Ըստ իտալական Il Sole 24 Ore պարբերականի՝ Իտալիայում խորհրդարանի երկու պալատների բյուջեն պատգամավորների թվի կրճատման շնորհիվ կրճատվել է, եւ պետությունը տնտեսել է գրեթե 60 միլիոն եվրո:
2020-ին Իտալիայում անցկացված սահմանադրական բարեփոխումներով, ի թիվս այլ հարցերի, 630 պատգամավորների թիվը կրճատվել է եւ հասցվել 400-ի, իսկ 315 սենատորների թիվը կրճատվել է եւ հասցվել 200-ի: Փոփոխություններն ուժի մեջ են մտել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո։
Պատգամավորների պալատում աշխատավարձի ծախսերը կկրճատվեն՝ 79 միլիոն դոլարից դառնալով 50 միլիոն դոլար, իսկ գործուղումների ծախսերը՝ 26,4 միլիոնից մինչեւ 16,8 միլիոն դոլար: Պատգամավորների պալատում այս առիթով որոշել են 2 հազար եվրո ծախսել դահլիճի վերափոխման եւ ավելորդ տեղերը հեռացնելու աշխատանքների համար: Իսկ Սենատում որոշել են դրա վրա էլ ծախսեր չանել՝ այդ տեղերը դատարկ թողնելով։
Իտալիայում սեպտեմբերի 25-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները հավաքել էր աջ կենտրոնամետների կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջի Մելոնիի գլխավորությամբ։