Ալավերդիում ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին, առավելագույն ձայներ ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես»-ի հետ հայտարարություն էր տարածել առաջիկա հինգ տարիներին Ալավերդի համայնքը համատեղ կառավարելու մասին։
Մինչ այդ ընտրություններում հավասար մանդատներ (13-ական) ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Ապրելու երկիր»-ը սպասում էին, թե ում հետ կոալիցիա կազմելու որոշում կկայացներ ավագանու կազմում մեկ մանդատ ունեցող «Հայ ազգային կոնգրես»-ը։
Օրեր առաջ Ալավերդիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաստատեց՝ բանակցություններ եղել են թե՛ «Ապրելու երկրի» եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Իսկ թե ինչ առաջարկներ են եղել ՀԱԿ-ին ՔՊ-ի կողմից, Զուրաբյանը չմանրամասնեց։
«Առաջարկել են մի քանի անգամ ավելի շատ, քան «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Բայց խնդիրը մեկ այլ բանում է․ ոչ թե «Ապրելու երկիր»-ն է մեզ առաջարկել, այլ մենք ենք առաջարկել։ Եվ մենք շատ լավ գիտենք՝ որտեղ կարող ենք պատասխանատվություն ստանձնել, որտեղ մենք ունենք ունակ կադրեր, որոնք կարող են ժողովրդին ինչ-որ հաջողություն բերել։ Անկախ նրանից, թե մեզ ինչ կառաջարկեին, մենք գիտենք՝ մենք ինչ կարող ենք անել»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոններին, ապա, ըստ կոալիցիոն հուշագրի, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ստանձնում են համայնքի ղեկավարի երկու տեղակալների պարտականությունները, ինչպես նաեւ Ալավերդու կազմ անցած Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր եւ Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը։
«Մեզ շատ լուրջ առաջարկներ են եղել, բայց մենք ինչ վճռի էլ որ հանգել ենք, հանգել ենք բացառապես այս տեսանկյունից՝ էդ գործը կարո՞ղ ենք երաշխավորված լավ անել, թե ոչ։ Շատ լավ հասկանում ենք, որ նաեւ «Հայ ազգային կոնգրես»-ի հեղինակությունն է դրված։ Այսինքն, եթե դու պաշտոնը վերցնում ես, պիտի կարողանաս հետո չամաչել էդ գործի համար։ Ու պիտի էնպես անես, որ ժողովուրդը գոհ մնա»,- եզրափակեց պաշտոնյան։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եղել։ Լոռու մարզի Ալավերդի համայնքում, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած տվյալների, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6557, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 340, իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 316 ձայն։
«Ալիք Մեդիան» ավելի մանրամասն կանդրադառնա Ալավերդիի ընտրություններին
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։