Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։
Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի եւ Լատվիայի հավաքականները:
«Մարտին Հայաստանում եւ սեպտեմբերին Թուրքիայում տեղի կունենան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կմեկնի Երեւան, գուցե նաեւ մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է արվի` չտրվելով սադրանքներին»,- հայտարարել է Քըլըչը։
«Ֆուտբոլային դիվանագիտության» ոդիսականը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձ էր ձեռնարկել 2009-ին Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով։ Այդ նախաձեռնությունը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Արդյունքում 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին արձանագրություն երկու երկրների միջեւ առանց որեւէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին միայն 2018-ի մարտի 1-ին. խորհրդարանները չէին վավերացրել դրանք։
Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Աբդուլլահ Գյուլն էր, որը 2008-ի սեպտեմբերի 6-ին ընդամենը 6-7 ժամով այցելեց Երեւան եւ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ դիտեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստան են այցելել նաեւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն: Երեւան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան եղել է հենց Դավութօղլուն, ով 2012 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանում մասնակցեց ՍԾՏՀԿ անդամ երկրների հերթական խորհրդաժողովին:
Սա հայ-թուրքական հայտնի ձախողված ֆուտբոլային դիվանագիտության ակտիվ շրջանն էր, որտեղ ակտիվ դերակատարություն ուներ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Հայ-թուրքական երկխոսությունը խրախուսելու դիրքերից հանդես եկող Օբամայի վարչակազմի համար «ցեղասպանություն» բառը չօգտագործելու հիմնական փաստարկը «գործընթացին չվնասելն էր»:
«Կատարյալ ձախողում» (Perfect failure). հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն առավել բնութագրող այս ձեւակերպումը ժամանակին տվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան երջանկահիշատակ Ռուբեն Շուգարյանը:
Երեւանն ու Անկարան 2021-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկելու, եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչների նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին եւ հուլիսի 1-ին Վիեննայում։
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կծանոթանաք Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունեանի՝ «Ալիք Մեդիա»-ին տված առաջիկա հարցազրույցից: