ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու նպատակով 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագիծն արդեն մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է Հայաստանում։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- թվիթերյան գրառման նշել է Փաշինյանը։ Նույնաբովանդակ հայտարարությամբ ՀՀ վարչապետը հանդես էր եկել հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ պետությունների առաջնորդների նիստում։
«Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման եւ մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– նշել էր Փաշինյանը։
Անցակետերի տեղադրման պատրաստակամության մասին ՀՀ վարչապետն առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 4-ի Կառավարության նիստում` հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է` Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ։
«Ադրբեջանի ամենաարեւմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջեւան, եւ երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,- ասել էր Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրելու ինչպես Ղազախ-Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։
Նա նաեւ հայտնել էր, որ այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբեւէ չի փորձել դրանցից օգտվել։