Իրանի արտգործնախարարի՝ տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտարարել է, որ Իրանը կհյուրընկալի Մերձկասպյան երկրների հաջորդ գագաթնաժողովը։
Ամփոփելով վերջերս ՌԴ կատարած այցի արդյունքները՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ այցի օրակարգում հիմնականում մերձկասպյան երկրներին վերաբերող տնտեսական հարցերն էին, որոնց առնչությամբ պաշտոնական Թեհրանը հանդես է եկել մի շարք գործնական առաջարկներով: Նա հավելել է, որ դրանք նախապես համաձայնեցվել են թե՛ ռուսական կողմի, թե՛ մերձկասպյան մյուս երկրների հետ։
Ըստ փոխնախարարի՝ իրանական կողմը բարձրացրել է մերձկասպյան երկրների համատեղ ազատ առեւտրի գոտի ստեղծելու անհրաժեշտության, Կասպից ծովի տարանցիկ ընդհանուր պոտենցիալի զարգացման, ինչպես նաեւ մաքսային արգելքների վերացման հարցերը։
Փոխնախարարն «արդյունավետ» է որակել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի՝ ռուսաստանյան 17 մարզերի ղեկավարների հետ հանդիպումները: Նա նշել է, որ դրանց արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել էներգետիկ, օդատիեզերական, կրթական եւ այլ ոլորտներում նախագծերի իրագործման համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը