ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների սեզոնային թեթեւ աճ։ Կանխատեսվում է, որ նոյեմբեր–դեկտեմբերին կլինի ավելի մեծ աճ` պայմանավորված եղանակային պայմանների փոփոխություններով։
Նախարարը հոկտեմբերի 17-ին գրիպի դեմ պատվաստվելու համար այցելել էր Երեւանի պոլիկլինիկաներից մեկը։ Նա կոչ է անում քաղաքացիներին հետեւելու իր օրինակին ու նախապես պատվաստվելու գրիպի դեմ։ Ավանեսյանը հիշեցրել է, որ պատվաստվել կարելի է ցանկացած պոլիկլինիկայում` անկախ բնակության վայրից։ «Ունենք նաեւ շարժական կետ Հանրապետության հրապարակում։ Կարող եք մոտենալ, ընդամենը 10 րոպե է խլելու ձեզնից»,- նշել է նա։
Նախարարը նշել է, որ կարեւոր է ամեն տարի պաշտպանված լինել գրիպի վտանգավոր 4 մանրէահիմքերից: Նա դժվարացել է բնութագրել այս տարի վիրուսի ակտիվությունը, բայց նշել է, որ ակտիվությունը մեծ է:
«Առաջին հերթին պետք է ուշադիր լինեն ռիսկային խմբերը` մինչեւ 12 տարեկան երեխաները, խրոնիկ հիվանդները, 65+ տարիքի քաղաքացիները եւ բուժաշխատողները»,– շեշտել է նախարարը։
Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթին նշել է, որ 2022-ին Հայաստան է ներկրվել պատվաստանյութի 170 հազար չափաքանակ, որից 150 հազարը (SANOFI PASTEUR) վաքսիգրիպ-տետրա գրիպի քառավալենտ պատվաստանյութն է։ նա հավելել է, որ մինչեւ վերջին չափաքանակն էլ սպառվել է։ Պատվաստումից օգտվում են նաեւ ոչ ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները։
«Տարիներ շարունակ մենք պատվաստումներ ենք իրականացրել սեզոնային գրիպի դեմ, արդյունավետությունը միշտ նկատել ենք, մարդիկ իրենք էլ են նկատել, դրա համար էլ պատվաստանյութի պահանջարկը գնալով ավելացել է»,- նշել է Սահակյանը։
Ծրագրի ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համավարակային իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրվում է, եւ եթե գրիպի դեպքերն էլ կորոնավիրուսի հետ զուգակցվեն, ծանր դեպքերն անհամեմատ շատ կլինեն։