Գերմանիայի դաշնային կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանին՝ երկրի խոշորագույն քիմիական ձեռնարկության՝ «Ռուսթավիի ազոտ» գործարանը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու համար:
Դրա շնորհիվ կկրճատվի Թբիլիսիից 25 կմ հեռավորության վրա գտնվող եւ հանքային պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող գործարանից արտանետվող ջերմոցային գազերի, մասնավորապես՝ ազոտի օքսիդի ծավալը, ինչը որոշակիորեն կնպաստի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։
Դրամական հատկացման հուշագիրը ստորագրվել է «Ռուսթավիի ազոտ» ձեռնարկության եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» (GIZ) կազմակերպության միջեւ, որի միջոցով է իրականացվելու հատկացումը։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրել են, որ հատկացված միջոցներով «Ռուսթավիի ազոտը» կօժտվի լավագույն էկոլոգիական տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ որակային առումով արմատապես կփոխվի արտադրական ցիկլը։
Ըստ վրացական կողմի՝ ներդրումը կօգնի պատշաճ կատարելու ՄԱԿ-ի առաջ Վրաստանի ստանձնած էկոլոգիական հանձնառությունները, միաժամանակ Ռուսթավիում՝ արդյունաբերական գոտու անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքներում, օդի որակը զգալիորեն կբարելավվի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը