Հայաստանում տնտեսական անկումը շարունակվում է: Վիճակագրական կոմիտեի այսօր ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 6,7 տոկոսով։
Նշենք, որ անկման տեմպը մի փոքր դանդաղել է. եթե հունվարին անցած տարվա հունվարի համեմատ եղել է 7,5 տոկոս անկում, ապա միայն փետրվարին, անցած տարվա փետրվարի համեմատ, եղել է 5,3 տոկոս անկում:
Այս հանգամանքը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հուսադրել է, որը հրապարակումից րոպեներ անց Ֆեյսբուքում գրառում կատարեց, թե Հայաստանի տնտեսությունը գրեթե վերականգնվել է: «2021 թվականի փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3 %: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավելի՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,- գրել էր նախարարը։
Այս տարվա առաջին ամիսներին տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել. առեւտրի շրջանառությունն ու ծառայություններն ունեցել են երկնիշ անկում համապատասխանաբար 11,3 եւ 12,5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,8 տոկոսով: Երկնիշ՝ 12,2 տոկոս անկում է գրանցել նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը: Եվ միակ բնագավառը, որը չնչին՝ ընդամենը 1 տոկոսի աճ է ունեցել, շինարարությունն է:
Հավելենք, որ հունվար-փետրվարին գրանցվել է 6,1 տոկոսի գնաճ՝ թանկացում:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։