Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակը վերանորոգվել եւ արվեստային տարածքի է վերածվել: Բազմաթիվ ու բազմաոճ քանդակների շարքն օրերս համալրվել է Գյումրիում եզակի՝ «Հայելային իրականության ձայները» ժամանակակից քանդակային ինստալացիայով:
Քանդակի հեղինակը ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագետ Վահագն Ղուկասյանն է: Նախաձեռնությունը կյանքի կոչելուն աջակցել է Gyumri Art Week-ը արվեստի միջազգային ծրագրի շրջանակում։
Ժամանակակից քանդակային ինստալացիան Վահագն Ղուկասյանի առաջին աշխատանքն է այս ոճի մեջ։ Ասում է՝ արվեստի բակն ինքն է պահանջել, որ «Հայելային իրականության ձայները» լսելի դառնա:
Քանդակին արվեստագետներն արդեն «Արվեստի սյուն» անունով են կնքել: Մինիմալիստական լուծումներով հայելային սյան հիմքը հայկականությունը խորհրդանշող տուֆ քարից է: Այնուհետեւ վեր է հառնում հայելային հարթությունը, որն ապահովում է մարդու եւ բնության ներդաշնակ երկխոսությունը, դեմ դիմաց կանգնեցնում երկու իրականությունները։ Ինստալացիայի նախավերջին հորիզոնական շերտը մարմարե հատիկների եւ կոտրտված ապակիների կտորներից է քանդակած, ինչը խորհրդանշում է դասականի եւ ժամանակակիցի մշտական հակասությունն ու երկխոսությունը: Սյունը եզրափակվում է հայելային հարթությամբ:
Ինչո՞ւ հայելի. քանդակագործն ասում է՝ հայելին հետաքրքիր ու անկեղծ նյութ է: Երբեք չի ստում զրուցակցին: Անկեղծորեն ու հավասարապես է ցույց տալիս իրեն նայողի թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: «Թվում է՝ հարթ ու պարզ տարածք է, բայց միանգամից կարողանում է արտացոլել բնության բոլոր շերտերը՝ երկինքը, կանաչը, այդ թվում մարդկանց ու ամեն ինչ…- ասում է քանդակի հեղինակը եւ կարեւոր փաստ առանձնացնում:- Արվեստը պետք է ճկուն լինի, ճաշակ թելադրի, որ երիտասարդին ուղղորդի դեպի իրեն: Ամեն քայլափոխի ինքնանկար անող երիտասարդն այսօր հաճույքով նկարվում է քանդակի հետ, հետաքրքրություն առաջացնում ու տարածում արվեստի գործը: Ժամանակակից գործիքակազմից օգտվելով՝ երիտասարդի աչքը կսովորի արվեստը տեսնելուն ու գնահատելուն:
Վահագն Ղուկասյանը կարեւոր է համարում, որ քաղաքի այլ հատվածներում եւս դասականների կողքին ժամանակակից քանդակներ տեղադրվեն: Իսկ թե ինչպիսին կլինեն դրանք, կթելադրի միջավայրը: Մինչ այդ ակադեմիացիները փորձում են փրկել Գյումրու ապակու գործարանի դիմաց աշխատավոր եռյակի քայքայվող արձանը:
«Դիմում ենք գրել, որ ոչնչացման եզրին գտնվող սոցիալռեալիզմի արվեստային օրինակ բետոնյա արձանը տրամադրեն մեզ: Մեր ուժերով կվերականգնենք ու կցուցադրենք արվեստի բակում»,- աում է տնօրենը:
Եկող տարի ակադեմիայի բակով հիանալու հնարավորություն կունենան նաեւ համայնքի բնակիչներն ու քաղաք այցելող հյուրերը: Ավարտուն տեսքին հասցնելուն պես բակը բաց կլինի բոլորի համար:
Մինչ այդ արվեստանոց-բակում արվեստի գործերի տեղադրումը շարունակվում է: Տարածքը բաց հարթակ է ցանկացած արվեստագետի՝ ասելիք ունեցող թե՛ դասական, թե՛ ժամանակակից քանդակների համար:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։