Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժի տեղակայմանը: Սրա մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։
Բայրամովը եւս, անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, «պաշտպանել է այդ հարցում Իրանի դիրքորոշումը»։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ, ըստ իրանական Miran Press գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ այն անարխիան, որը կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով:
«Տարածաշրջանում փոքր միջադեպը կհանգեցնի այլ երկրների ներկայության եւ միջամտության, եւ մենք հաստատ չենք հանդուրժի նման անարխիա մեր սահմաններին»,- ընդգծել է Վելայեթին։
Պաշտոնյան հավելել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Նա նշել է, որ երբ ինքը արտգործնախարար էր, շատ է փորձել միջնորդի դեր ստանձնել եւ նույնիսկ որոշակի հաջողությունների է հասել։
«Սակայն երբեմն որոշ երկրներ, որոնք շահում էին երկու հարեւանների միջեւ հակամարտությունից, միջամտում էին եւ խնդիրներ ստեղծում»,– նշել է նա։
Ալի Աքբար Վելայաթին նաեւ հայտարարել է, որ հարեւան երկրների միջեւ սահմանների ցանկացած խախտում սրում է տարածաշրջանի իրադրությունը եւ կարող է հանգեցնել լոկալ պատերազմների, որի առաջին «արդյունքը» լինում է այն, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի պես երկրները հրադադար հաստատելու պատրվակով բուռն եւ կոշտ միջամտության են դիմում։