Արդեն երկրորդ տարին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շրջանավարտների համար նախաձեռնել է սթարթափ ինկուբացիոն ծրագիր, որն այս տարի իրականացվելու է հայ-ֆրանսիական բիզնես աքսելերատոր StartDoon-ի հետ համագործակցությամբ:
Ծրագրի հովանավորներն են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը, Zark նվիրատվությունների եւ Healthbird բժշկական ապահովագրության հավելվածները։
Նախաձեռնությունը միտված է օգնելու Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին՝ կրթական եւ ֆինանսական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ագրարային տեխնոլոգիաների եւ կանաչ լուծումների ոլորտներում իրենց նորարարական սթարթափ գաղափարներն իրականացնելու համար։
Հոկտեմբերի 14-ին ՔՈԱՖ-ի երեւանյան գրասենյակում տրվել է ծրագրի հանդիսավոր մեկնարկը, որտեղ ներկա են եղել վերջինիս շահառուները եւ գործընկերները: Միջոցառման ընթացքում ներկայացվել է երեք փուլերից բաղկացած ծրագիրը։
Սթարթափ ինկուբացիոն ծրագրի առաջին փուլում ավագ դպրոցի 150 աշակերտների համար կազմակերպվելու են չորսամսյա դասընթացներ՝ ձեռնարկատիրական նախագծերին նախապատրաստվելու, ինչպես նաեւ հետագա սթարթափ ինկուբացիոն փուլում նրանց մասնակցությունը դյուրացնելու նպատակով:
Երկրորդ փուլում ընդգրկվելու են ՔՈԱՖ-ի 30 շրջանավարտներ տարբեր մարզերից, որոնք մասնակցելու են ինտենսիվ վերապատրաստման երկամսյա ծրագրին` հնարավորություն ստանալով վավերացնելու տարբեր բիզնես գաղափարներ: Այնուհետեւ իրենց գաղափարները նրանք ներկայացնելու են ժյուրիին։
Մրցույթի արդյունքում ընտրվելու են երեք սթարթափներ, որոնց միջեւ բաշխվելու է տասնհինգ հազար դոլարի ֆինանսավորումը։ Սա բիզնես նախաձեռնությունները սկսելու համար տրվող աջակցությունն է։ Հաղթողները նաեւ ծրագրի վերջին` նախաաքսելերացիոն փուլին մասնակցելու հնարավորություն են ստանում: Այս փուլը նախատեսված է շուկա դուրս գալու եւ աքսելերատորներին, ներդրումներին ու եկամուտներին պատրաստվելու համար։
«Նախորդ տարվա պիլոտային ծրագրի արձանագրած հաջողությունը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի գյուղաբնակ երիտասարդների տաղանդն ու ներուժը: ՔՈԱՖ-ի Շրջանավարտների սթարթափ ինկուբացիոն ծրագրի շնորհիվ երեք սթարթափ արդեն իսկ իրենց բնակավայրերում են սեփական բիզնես սկսելու վաղ փուլում: ՔՈԱՖ-ը շարունակում է սերմանել եւ խթանել քաղաքացիական պատասխանատվության մշակույթը՝ խրախուսելով երիտասարդ շահառուներին իրենց համայնքներում ստանձնելու նորարարության եւ առաջընթացի շարժիչ ուժի դերը»,- ծրագրի մեկնարկի առիթով ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը:
Ծրագրի ողջ ընթացքում եւ դրանից հետո դիմորդներին տրվելու է մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաեւ հասանելիություն շուկայի ռեսուրսներին, կապեր ստեղծելու եւ բիզնեսին վերաբերող համապարփակ դասընթացներին մասնակցելու հնարավորություն:
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։