Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսն հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի պայմաններում ԱՄՆ-ը փորձում է Վրաստանին տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար:
«Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ամփոփելով հոկտեմբերի սկզբին իր եռօրյա այցը Վրաստան՝ Ջենկինսն այն արդյունավետ է գնահատել։
«Իմ ուղերձներից մեկն այն էր, որ մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը շարունակվում է, բացի այդ՝ մենք հավասարապես հավատարիմ ենք Վրաստանի ինքնիշխանությանը: Հասկանում ենք, որ Վրաստանն այժմ մի իրավիճակում է, երբ անվտանգությանը սպառնացող ռիսկն այդքան մոտ է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաեւ տեղյակ է, որ ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի պատճառով ռուսների մեծ հոսք է մտնում Վրաստան, եւ ԱՄՆ-ը գիտակցում է՝ ինչ մարտահրավերների առաջ կարող է այն կանգնեցնել Վրաստանին։