Մանե Ղազարյանը 2022 թվականի փետրվարի 24-ին Կիեւում իր բնակարանում էր, երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց։ Մանեն Ուկրաինայում է ծնվել, մասնագիտությամբ իրավաբան է, գերագույն դատարանի դատավորներից մեկի օգնականը։ Նրա մայրն ու 21-ամյա եղբայրն ապրում են Կիեւից 189 կմ հեռավորության վրա գտնվող Չերկասի քաղաքում։ Սակայն փետրվարի 24-ին Մանեի մայրը դստերը հյուր էր գնացել։
«Բարեբախտաբար այդ օրը միայնակ չէի, այլապես կխենթանայի։ Հիշում եմ այդ սարսափելի պահը․ գիշերվա ժամը 5-ին արթնացա պայթյունի ձայնից։ Սկզբում մտածեցի՝ գուցե դրսում հրավառություն է, միաժամանակ վախենում էի պատուհանին մոտենալուց ու դուրս նայելուց։ Հետո արագորեն լրատվական կայքերը նայեցի ու իմացա՝ պատերազմ է սկսվել»,- հիշում է Մանեն։
Մանեն ու մայրն արագորեն հավաքում են առաջին անհրաժեշտության իրերը, մի քիչ սնունդ ու ջուր վերցնում, հետո վազում դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Մետրոյի կայարանն ավելի հեռու էր, այդ պահին փողոց դուրս գալը շատ վտանգավոր էր, ուստի միակ ելքը ավտոկանայատեղիում մնալն էր։ Հաջորդ օրը Մանեն պետք է աշխատանքի գնար։ Մայրը փորձում էր դստերը համոզել, որ մնա ապաստարանում, պայթյունների միջով աշխատանքի գնալը շատ վտանգավոր է։ Նրա աշխատավայրը՝ գերագույն դատարանի շենքը, Ուկրաինայի նախագահական նստավայրի եւ Գերագույն ռադայի հարեւանությամբ էր, մայրը վախենում էր, որ այդ շենքները կպայթեցնեին․․․
«Պիտի աշխատավայր գնայի, որ ղեկավարիս հետ կարեւոր փաստաթղթեր, կնիքներ ու այլ պարագաներ տեղափոխեինք անվտանգ վայր։ Իմ ներկայությունը պարտադիր էր։ Ես միշտ իմ աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվել․ դատական համակարգից մարդկանց կյանքեր ու ճակատագրեր են կախված»,- ասում է Մանեն։
Երբ նա ավտոմեքենայով սլանում էր փողոցով, նախազգուշացնող ազդանշաններ էին հնչում, պայթյունի ձայներ էին լսվում, հարեւան փողոցներում շենքեր էին փլվում։ Մանեն չէր էլ բացառում, որ գուցե մի ռումբ էլ ընկնի այն փողոցում, որտեղով ինքն այդ պահին ընթանում էր։ Նա պիտի անցներ կամրջի վրայով, որը, հնարավոր է, պայթեցնեին։ Սարսափը սրտում՝ Մանեն չի էլ հիշում՝ ինչպես է անցել կամրջի վրայով։ Լարված էր, մեքենան վարելիս լաց էր լինում․․․ Շուրջբոլորը սարսափելի տեսարաններ էին, որոնք երբեք չի կարողանա մոռանալ։
«Մի կերպ աշխատավայր հասա, ղեկավարիս հետ արագորեն տեղափոխեցինք փաստաթղթերը, հետո վերադարձա իմ բնակարան, որտեղ ինձ սպասում էր մայրս»,- հիշում է Մանեն։
Պատերազմի առաջին օրերին ավտոկայանատեղիում մնալը շատ դժվար էր, քանի որ փետրվարն էր, շատ ցուրտ էր։ Ավտոկայանատեղիի տարածքը մեծ չէր, բայց այնտեղ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Ոմանք լալիս էին, ոմանք դեպրեսիայի մեջ էին, հեկեկում էին, մեծահասակները փորձում էին հանգստացնել վախեցած, անդադար լացող երեխաներին․․․
«Պատերազմի երրորդ օրը, երբ ավտոկայանատեղիում էինք, մեզնից ոչ շատ հեռու մի ռումբ ընկավ։ Սարսափելի դղրդյուն զգացինք, ահավոր աղմուկ։ Երբ ռումբը պայթեց, ինձ թվաց՝ կյանքիս վերջին վայրկյաններն եմ ապրում։ Բարեբախտաբար նման բան չեղավ։ Դրանից հետո ես ու մայրիկս որոշեցինք տեղափոխվել Չերկասի քաղաք, որտեղ իմ հայրական տունն էր»,- հիշում է Մանեն։
Եթե սովորաբար Կիեւից մինչեւ Չերկասի կարելի էր հասնել 2 ժամում, ապա այդ օրը որքան էլ ջանում էր մեքենան արագ վարել, հազիվ 8 ժամում են կարողանում տեղ հասնել։ Այդ ճանապարհով անցնելու ժամերն ու տեսարանները մինչեւ հիմա սարսափով է հիշում։ Այսուամենայնիվ, մի բան կար, որ այդ օրերին հույս էր տալիս նրան․ մարդիկ միմյանց մասին հոգ էին տանում, միասնական էին․․․
Բայց վախենում էր, որ գուցե կրկին ստիպված լինի անցնել այն սարսափների միջով, որ մի կերպ հաղթահարել էր։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Հոկտեմբերի 10-ին Կիեւում կրկին ուժգին ռմբակոծություն եղավ։ Մանեի բնակարանից ոչ շատ հեռու պայթյուն եղավ վաղ առավոտյան, նա կրկին զգաց այն սարսուռը, որ զգացել էր փետրվարի 24-ին։
Հոկտեմբերի 10-ի առավոտյան աշխատանքի գնալիս պայթյունի հետեւանքով վիրավորվեց նաեւ Մանեի մտերիմ գործընկերուհին․․․ Բարեբախտաբար կենսական օրգանները չէին վնասվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հիմա բուժվում է։
«Այդ դժոխքի միջով էլի՛ անցանք, բայց ասես վարժվել ենք։ Քնում ենք՝ մտածելով՝ Աստված իմ, տեսնես վաղը կարթնանա՞նք։ Պատերազմը մեզ սովորեցրեց գնահատել ամեն վայրկյանը։ Եթե նախկինում մի բան պլանավորում էինք ու հետաձգում, հիմա այդպես չենք անում։ Եթե մի բան ես ուզում անել, պիտի անես հենց այսօր, քանի որ միգուցե վաղը ուշ լինի, ռմբակոծություն լինի, ու դու է՛լ չլինես»,- ասում է Մանեն։
Մանեն շարունակում է աշխատել եւ ցավում է, որ Ուկրաինայի բազմահազար քաղաքացիներ զրկվել են աշխատանքից։ Պատերազմը փոխել է նրան։ Առաջ ամեն շաբաթ ընտանիքի անդամների հետ որեւէ հանգստյան գոտի էր գնում, բայց հիմա ուրախանալու կամ նույնիսկ հանգստի մեկնելու ցանկություն չունի:
Մանեն աշխարհի տարբեր երկրներում ազգականներ ունի։ Շատերը զանգահարում էին, ասում էին՝ եկե՛ք մեր տուն։ Պատերազմի ընթացքում նա երբեք չի մտածել Ուկրաինայից հեռանալու մասին, հիմա էլ եթե էլի նույն սարսափների միջով անցնի, էլի՛ չի հեռանա, թեեւ չի մեղադրում նրանց, ովքեր սարսափահար հեռացան Ուկրաինայից, քանի որ ոմանք մանկահասակ երեխաներ կամ հիվանդ հարազատներ ունեին, այլ ելք չկար։
«Օրինակ՝ մորաքույրս Շվեդիայում է ապրում, նա անընդհատ մեզ համոզում էր տեղափոխվել իրենց տուն, բայց ես հրաժարվում էի։ Մայրիկս անհանգստանում էր իմ ու եղբորս համար, ասում էր՝ Ուկրաինայում անվտանգ չէ, բայց ես ու եղբայրս միաբերան ասացինք՝ չենք հեռանա Ուկրաինայից։ Մեր պարտքն է այստեղ մնալ ու պայքարել»,- ասում է Մանեն։
Ասում է՝ երկու հայրենիք ունի՝ Հայաստանը եւ Ուկրաինան։ Հիմա սիրտը ցավում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ուկրաինայի համար։ Նա երազում է, որ մի օր իր երկու հայրենիքներն այնքան հզորանան, որ կարողանան վերադարձնել կորցրած տարածքները։ Հիմա նաեւ կամավորական աշխատանքով է զբաղվում, մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի անդամ է, օգնում է այն ուկրաինացիներին, որոնք պատերազմի հետեւանքով տուժել են, մնացել առանց ապաստանի եւ սոցիալական ծանր վիճակում են։ Այդ ընթացքում նա չի մոռանում նաեւ մյուս հայրենիքի՝ Հայաստանի մասին։ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար հումանիտար օգնություն է ուղարկում Հայաստան․ Մանեն եւս մասնակցում է այդ աշխատանքներին։
«Հարկավոր է ուժեղ լինել, սատարել միմյանց ու պայքարել։ Հիմա ես ջանում եմ իմ երկու հայրենիքներին սատարել որքան կարող եմ։ Հուսամ՝ վերջում իսկապես,լավ կլինի․․․»,- զրույցը լավատեսորեն ավարտում է Մանեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։