Երբ 2020-ի վերջին, պահոցները նայելու եւ տեքստը ստույգ մեջբերելու հնարավորություն այս պահին չունեմ, ֆեյսբուքյան գրառումով ուշադրություն հրավիրեցի, որ պատերազմը դադարել է Սոթք-Ամուլսար-Զանգելանի ոսկու հանքեր-Կաշեն «քառանկյան» սահմանների վրա, արձագանքեց արցախցի մի շատ դիտողունակ լրագրող եւ պատմեց, որ մի քանի տարի առաջ Զանգելանի մասին իրենց պատրաստած հաղորդումը վերջին պահին եթերից ոչ միայն հանել են, այլեւ կարգադրել, որ «ամբողջ տեսագրությունը ջնջեն»։ (Զանգելանն այդ ժամանակ ՊԲ վերահսկողության տակ էր, եւ գործնական աշխատանքներ էին սկսվել՝ շահագործելու հետախուզված ոսկու հանքավայրը։)
Զինադադարից կես ամիս անց Կաշենը ջրամատակարարման նոր գիծ անցկացրեց (հինը մնացել է ադրբեջանական հսկողության տարածքում), եւ այսօր, ինչպես իրազեկ մարդիկ են ասում, անխափան աշխատում է, Գանձասարի վանքին մոտ նոր հանքավայր է բացվել՝ պատերազմից հետո։
Ինչ է արդյունահանվում՝ խոսակցությունների մակարդակի հարց է, ինչպես նաեւ՝ թե ով է ներդրողը։ Այս անորոշ վիճակում, երբ մարդ զգուշանում է նույնիսկ մեկ միլիոն դրամի «բիզնես-նախագիծ» սկսել, չափազանց ամուր երաշխիքներ են պետք, որպեսզի միլիոնավոր դոլար ծախսվի, եւ զրոյից հանքանյութի արդյունահանում սկսվի։
Երբ 2021-ի գարնանը քննարկվում էր Լաչինը շրջանցող՝ Արցախ-Հայաստան նոր ճանապարհի երթուղու հարցը, Ստեփանակերտի բավական իրազեկ շրջանակներից տեղեկատվական արտահոսք եղավ, որ քննարկվում է երեք տարբերակ։ Դրանցից մեկը, ըստ նույն աղբյուրների, առաջարկել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Ըստ այդմ՝ նոր երթուղին պետք է Ստեփանակերտից հասներ Մարտակերտի շրջանի Վանք գյուղը, ապա Քելբաջարի շրջանով հատեր հայ-ադրբեջանական սահմանը եւ Ջերմուկի խաչմերուկով միանար Իրան-Հայաստան միջպետական մայրուղուն։ Հայտնի չէ՝ Բաբայանի առաջարկը ընդունվե՞լ է Արցախի իշխանությունների կամ պաշտոնական Երեւանի կողմից, քննարկվե՞լ է Ադրբեջանի եւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ եւ համաձայնություն ձեռք բերվե՞լ է, թե՞ ի սկզբանե մերժվել է։
Ու, երեւի, այս «թեմային» անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանի տարածք չներխուժեր հենց այն հատվածներում, որտեղով, ինչպես Սամվել Բաբայանն էր առաջարկել, կարող էր անցնել Արցախը Հայաստանին կապող նոր երթուղին։ Մանավանդ որ օգոստոսի առաջին օրերին Ադրբեջանը որոշակի դիրքային բարելավումների է հասել այդ «երթուղու»՝ բուն Լեռնային Ղարաբաղին սահմանակից հատվածներում վերահսկողության տակ առնելով առնվազն երեք բարձունք։
Ադրբեջանի ներթափանցումներն, այսպիսով, ինչ-որ «ընդհանուր տրամաբանության» մեջ են, հետապնդում են լոգիստիկ, ենթակառուցվածքային, տնտեսական եւ, իհարկե, ռազմաքաղաքական նպատակներ։ Բայց, ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ այս փուլի իր ձեռնարկումներում Բաքուն, այսպես ասենք՝ «սուվերեն դերակատար» չէ։ Այլապես Ամուլսարի, Սոթքի ուղղությամբ «ներթափանցումները» եւ Զանգելանի հանքի «ապահովագրման» ձեռնարկումները կարժանանային ավելի խիստ արձագանքի եւ թիրախային դատապարտման։
Ի՞նչ եւ որքա՞ն պաշարներ են հետախուզված Սոթք-Ամուլսար-Զանգելան-Կաշեն «քառանկյան» տարածքներում, ովքե՞ր են ներդրողները, ո՞րն է նրանց ընդհանուր շահը, որտե՞ղ են խաչվում ֆինանսա-տնտեսական «հետաքրքրությունները»։ Պատերազմը «տունտունիկ» չէ, առավել եւս՝ խաղաղությունը, որովհետեւ դա նոր ձեռքբերումների եւ նոր պատերազմի պատրաստության հնարավորություն է։
Եվ երբ հայրենական որոշակի շրջանակներ, որ քաղաքական կարիերայով կապված են Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության հետ, իրենց քարոզչամիջոցներով նարատիվ են ներշնչում, որ Ադրբեջանը «Ջերմուկի խաչմերուկը կփակի», տպավորությունը, որ Ջերմուկի «միջանցք» չի բացվել, որովհետեւ կողմերի եւ շահագրգիռ երկրների մեգածրագրերի համադրում չի հաջողվել, ավելի է խորանում։
Եվ մոտավորապես կռահում ես, որ Սամվել Բաբայանի «նախագծած երթուղին» նույնիսկ հայկական միջավայրում է «էքստրավագանտ» գնահատվել։ Թե ինչու, պարզ կլինի, երեւի, երբ կսկսեն «բաժանել խաղաղության մեղրաբլիթները»․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։