Գերմանիայում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաեւը հայտարարել է, որ Ռուսաստանը որեւէ իրավական խոչընդոտ չի տեսնում «Հյուսիսային հոսք» գազատարի միջադեպերի հետաքննության շուրջ եվրոպական երկրների հետ համատեղ աշխատանքի համար: Ռուսաստանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է մասնակցել «Հյուսիսային հոսք»-երի վնասման դեպքերի՝ Դանիայի եւ Շվեդիայի հետաքննությանը։
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունից հրաժարումը Ռուսաստանը կդիտարկի որպես տեղի ունեցածի իրական պատկերը թաքցնելու փորձ: Ըստ Նեչաեւի՝ դատելով ստացվող տեղեկություններից՝ արեւմտյան գործընկերների մոտ խնդիրներ են առաջացել Գերմանիայի, Դանիայի եւ Շվեդիայի համատեղ քննչական խմբի ստեղծման առնչությամբ։
Անդրադառնալով Ռուսաստանի մասնակցությանը, Նեչաեւը նշել է, որ ՌԴ համապատասխան գերատեսչություններն ու «Գազպրոմ» ընկերությունը պետք է մասնակցություն ունենան միջադեպի հանգամանքների պարզաբանմանը:
Ըստ Գերմանիայում ՌԴ դեսպանի՝ պետք է հաշվի առնել, որ հենց ռուսական կողմն է գլխավոր տուժողը ինչպես իր կառուցած գազամուղների վնասման, այնպես էլ գազի զգալի ծավալների կորստի հետեւանքով: