Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ՀՀ արտգործնախարարի հետ, նշել է, որ պատրաստակամ է հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:
«Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Ցանկացած հանդիպում, որը կօգնի հասնելու այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,- նշել է Միրզոյանը:
Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ ցանկալի է, որ հանդիպումների ընթացքում կողմերն անկեղծորեն լուրջ քայլեր ձեռնարկեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման ուղղությամբ:
«Կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,- ճեպազրույցում եզրափակել է Միրզոյանը: