Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Հայաստանում ավելորդ քաշից տառապում է բնակչության ավելի քան 50%-ը, որից 20%-ը՝ ճարպակալումից։
Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ն հայտնել է, որ Եվրոպայում ամենից շատ ավելորդ քաշի հակված են Լեհաստանի երեխաները։ Հանրային առողջության ժողովրդական ինստիտուտից հայտնել են, որ լեհ դպրոցականների 30,5%-ը տառապում է ավելորդ քաշից։
Ըստ լեհական Gazeta Wyborcza պարբերականի՝ Լեհաստանում երեխաները չարաշահում են յուղոտու քաղցր սնունդը, նրանք ավելի քիչ են շարժվում. ծնողներն ավելի հաճախ են նրանց մեքենայով տանում ե՛ւ դպրոց, ե՛ւ պարապմունքների:
Պոզնանի ֆիզիկական կուլտուրայի ակադեմիայի սննդաբան Էվա Շլիվիցկան նշել է, որ պետք է հասկանալ՝ ավելորդ քաշից ազատվել անհրաժեշտ է ճիշտ ապրելակերպի շնորհիվ։ Ավելին՝ դա վերաբերում է ամբողջ ընտանիքին, քանի որ երեխաները պետք է օրինակ վերցնեն ծնողներից: Մասնագետը հիշեցրել է, որ ավելորդ քաշը նվազեցնելն արագ չի լինում։