Ըստ հնդկական The Print կայքի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու, մասնավորապես՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) եւ Solar Industries-ի մշակած «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի (loitering munition), ինչպես նաեւ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը:
Հնդկաստանում այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը: Պապիկյանն այցելել է նաեւ Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին, զրուցել տեղական ընկերությունների ղեկավարների հետ:
Ավելի վաղ երկու երկրները հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաեւ զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել։
Հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալն իր հերթին հայտնել է, որ Հայաստանն ընկերության «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Հնդկական կողմը պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։
««Pinaka»-ի արդիականացված հրթիռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար են, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է ընկերության նախագահը։
Սեպտեմբերի վերջին բրիտանական The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք եւ զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը