Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Հայաստանը երբեք չի դադարեցրել աշխատանքները Երասխ-Ջուլֆա–Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման ուղղությամբ: Երկու ուղղությամբ էլ` թե՛ Երասխի ու թե՛ Մեղրիի հատվածում ուսումնասիրություններ են արվել։
Երկաթգծի կառուցման խնդիրը, ըստ նախարարի, պայմանավորված է հիմնականում քաղաքական գործոններով։ Բայց եթե այդ խնդիրները հարթվեն, կատարված աշխատանքների շնորհիվ Հայաստանը գրեթե պատրաստ կլինի շինարարական աշխատանքները սկսելու։
Սանոսյանը նաեւ նշել է, որ երկաթուղու շինարարությունը չի կարող մեկնարկել երկաթգծի միջին հատվածներից, այն պետք է մեկնարկի կա՛մ Հորադիզից, կա՛մ Երասխից եւ հետեւաբար չի կարող իրականացվել միայն հայկական կողմի նախաձեռնությամբ։
Եթե Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը, Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլար կկորցնի. Փաշինյան
2022-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում արդեն կատարվել էին 43 կմ գեոդեզիական հանութագրման, գործիքային հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ։ Հաշվետվություններ էին կազմվել 9 թունելների (3050 մ), 22 սրահների, 5 անցումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակների եւ 4 շենքերի ու կայանների շինությունների վերաբերյալ:
Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը Ադրբեջանի հետ ձեռք է բերվել դեռ 2021-ին Սոչիում եւ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ:
2022-ի մարտի 31-ին վարչապետ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կկառուցի ե՛ւ ճանապարհը, ե՛ւ երկաթուղին, իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի սահմանը բացելուց, Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլար կկորցնի:
Յոթ ամիս անց ծրագրի վերաբերյալ որեւէ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։