Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը իրանական քաղաքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկնքվի ռուս-իրանական համագործակցության համապարփակ համաձայնագիր։ Նա նշել է, որ ներկայում Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ խորհրդակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։
Թեհրանում ռուս-թուրք-իրանական եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ Աբդոլահիանը շեշտել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի խաղաղության համար ընթացող Աստանայի բանակցային ձեւաչափի շրջանակում։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ Միջուկային գործարքի համաձայնագրի վերականգնման բանակցությունների «կուլուարային քննարկումներին»։ Նա ասել է, որ Միջուկային գործարքի համաձայնագրի վերականգնման բանակցությունների կուլուարներում ամերիկյան կողմը պահանջել է, որ իրանական կողմն իր «սեւ ցուցակից» հեռացնի իրանցի բարձրաստիճան զինվորական Ղասեմ Սուլեյմանիի սպանությանն առնչվող 60 մարդու անուն, ինչը Թեհրանը մերժել է՝ հայտարարելով, որ դա իր համար «կարմիր գիծ» է։
Աբդոլահիանը նշել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, թե պատրաստ են Իրանի ներկայացուցիչների հետ քաղաքական մակարդակում հանդիպումներ ունենալու՝ հույս ունենալով, որ դրանով կարագացվեն երկու երկրների միջեւ բանակցությունների հինգերորդ փուլի նախապատրաստության գործընթացները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ Սամարղանդում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել էր, որ Իրանի հետ նոր պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտման փուլում են։
Պատրաստեց Արման Գրիգորյանը