Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որում Իլհամ Ալիեւը քննադատել է France 2 հեռուստաալիքի «l ‘ Événement» հաղորդմանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը։ Ալիեւը նշել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել է Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական եւ հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ալիեւի դիտարկումները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիարժեք աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործում։
«Նախագահի հանձնառության շնորհիվ է, որ հնարավոր եղավ անցկացնել հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակում Շառլ Միշելի, նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի քառակողմ հանդիպումը։ Այս հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել, ինչն արտացոլված է այս առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ նախաձեռնված գործընթացին՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները «ոչ կոռեկտ եւ անընդունելի» էր որակել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: