«Ալիք Մեդիա»-ի իմ վերջին սյունակի («Երեւանը Բաքվին Մեղրիով միջանցքի բանավոր կամ այլ խոստում չի տվել») հրապարակումից հետո սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր գրեցին, թե ինչու եմ հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքերին:
Հայաստանի վարչապետը նույն թեմայի շուրջ այնքան հակասական, տրամագծորեն հակադիր ու մանիպուլյատիվ հայտարարություններ է արել ու շարունակում անել, որ, անկասկած, հավատալու տեղ չի մնում: Ճիշտ նույն կերպ՝ ինչո՞ւ պետք է հավատանք Վարդան Օսկանյանի «հիմնավոր ենթադրությանը», թե Փաշինյանը Ադրբեջանին միջանցք տրամադրելու բանավոր խոստում է տվել «կապված ձեռքերով» Պուտինի ներկայությամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Լրագրողի խնդիրը պետական-քաղաքական գործիչներին հավատալ-չհավատալը չէ, այլ մեր ունեցած տեղեկությունը, այդ թվում՝ խորհրդապահական փաստաթղթերը, փակ զրույցները ժամանակի ընթացքում հանրությանը ներկայացնելը, ինչը եւ անում ենք:
Մեղրիի միջանցքի թեման ամենաերկար, խորքային եւ հետեւողականորեն բանակցել են հենց Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Անշուշտ, ինչպես 1999-2001 թվականներին, այնպես էլ 1994-ի զինադադարից հետո քննարկված եւ Հայաստանին/Արցախին ներկայացված կարգավորման տարբերակները որեւէ կերպ չի կարելի համեմատել այն տարբերակների, իմա՝ պարտադրանքի հետ, որոնք այսօր փաթաթում են Հայաստանի վզին: Այն տարիներին Հայաստանը հաղթող, բանակցող կողմ էր, այսօր՝ ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունները ընդունող:
Սա է իրականությունը, մյուս կողմից՝ հայ հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե Մեղրիի միջանցի թեմայով ինչ են բանակցել Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա արտգործնախարարը: Ստորեւ ներկայացնելու եմ խորհրդապահական մի քանի փաստաթղթեր, փակ զրույցներ, որոնց մասամբ ժամանակին անդրադարձել ենք:
2001-ի հուլիսին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ կենտրոնանալու են հիմնական երեք հարցերի վրա․
1. ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի,
2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
3. Ադրբեջանի ելքը Նախիջեւան՝ Մեղրիով։
Ներկայացնում ենք մեկ այլ փակ զրույցի սղագրություն, որը տեղի է ունեցել 2001-ի գարնանը ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի եւ հայ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Այս զրույցը եղել է նախքան Քի Վեսթը՝ 2001-ի ապրիլի 3-6-ը: Զրույցի ընթացքում նշվում է, որ քննարկվում է չորս հիմնական սկզբունք.
1. Արցախի կարգավիճակը,
2. Հայաստանի կապը Արցախի հետ,
3. Ադրբեջանի կապը Նախիջեւանի հետ,
4. Ադրբեջանցի փախստականների Շուշի վերադարձի հարցը:
Հանդիպման ընթացքում նշվում է, որ Հայաստանը 20 կմ լայնքով միջանցք է պահանջում Արցախի հետ անխոչընդոտ կապն ապահովելու նպատակով, ինչը պայմանավորված է ոչ թե Ադրբեջանից տարածքներ վերցնելու մղումով (քանի որ դրանք փոխհատուցվելու են նախկին ԼՂԻՄ սահմանային շրջաններից), այլ անվտանգության նկատառումներով:
Ադրբեջանը պահանջում էր, որ Նախիջեւանի հետ իր կապը որոշվի ասիմետրիայի սկզբունքով, ինչն անընդունելի էր Հայաստանի համար:
Երեւանը դեմ էր միջանցքների ասիմետրիային, քանի որ Արցախը անկլավ է, չունի երրորդ երկրի հետ սահման (կարգավորման բոլոր առաջարկներով՝ հայկական ուժերը դուրս են բերվում մերձարաքսյան հատվածից, եւ Արցախը կորցնում է ցամաքային շուրջ 100 կմ երկարությամբ կապը Իրանի հետ), մինչդեռ Նախիջեւանը ցամաքային սահման ունի Թուրքիայի եւ Իրանի հետ։
Այսինքն, եթե հայկական ուժերը գրավեն Նախիջեւանն Ադրբեջանին կապող ճանապարհ/միջանցքը, ապա Նախիջեւանը կմնա էքսկլավ ու կպահպանի ընդհանուր սահմանները Թուրքիայի եւ Իրանի հետ, մինչդեռ եթե ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինի միջանցքը, Արցախը կղզու կվերածվի Ադրբեջանի մեջ, ինչպես ԼՂԻՄ-ն էր Խորհրդային Ադրբեջանի ժամանակ։
Բացի այդ, երբ Լաչինի միջանցքը տրամադրվում է Հայաստանին, ապա դրանից Ադրբեջանը երկու մասի չի կիսվում, մինչդեռ եթե Ադրբեջանին տրվում է տարածք Նախիջեւանի հետ կապվելու համար, Հայաստանը կիսվում է երկու մասի (եթե տարածքը Արաքս գետի երկայնքով չէ): Իսկ եթե տարածքը տրվում է Մեղրիում՝ Արաքսի երկայնքով, ապա Հայաստանը զրկվում է Իրանի հետ սահմանից եւ Արաքս գետի այդ հատվածից:
Հաշվի առնելով այս ամենը՝ հայկական կողմը Ադրբեջանին տարածք կամ միջանցք տրամադրելը մերժելի է համարում, բայց դեմ չէ, եթե Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվի 40 կիլոմետրանոց էստակադայով՝ կամրջակապով (overpassing elevated road), որը կարող է լինել Ադրբեջանի սեփականությունը:
2001-ի ամռանը ԵՄ պատվիրակների հետ ՀՀ բարձր ղեկավարության հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացնում է, թե ինչ է քննարկվել Քի Վեսթում.
1. ԼՂ կարգավիճակը,
2. Հայաստանի կապը ԼՂ-ի հետ,
3. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,
4. Փախստականների վերադարձը, հիմնականում՝ Շուշի։
«Մենք կարծում էինք, որ Փարիզում որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որպեսզի առաջ շարժվենք, բայց հանկարծ Ալիեւը նահանջեց եւ նոր պայմաններ առաջ քաշեց։ Կարգավիճակի առումով ըստ էության մենք ստանում էինք առավելագույն հնարավորը, նույնը, ինչ միջանցքի դեպքում էր։ Փոխարենը նրանք ազատ եւ անարգել կապ էին ստանում Նախիջեւանի հետ, սակայն նրանց ելքի (access) կարգավիճակը նույնական չէր մերինի հետ։ Ազատ եւ անարգել երթեւեկությունը ենթադրում էր, որ ադրբեջանական ավտոմեքենաները չէին կանգնեցվելու ճանապարհին եւ չէին անցնելու Հայաստանի մաքսային ծառայության միջոցով։ Ակնկալվում էր, որ անկախ նրանից, թե իրենց ճանապարհը կհատի Հայաստանի բնակավայրերն ու Իրանի հետ սահմանը, այն պետք է լիներ վերգետնյա։ Այս տարբերակով, հաշվի առնելով, որ ճանապարհի որոշակի հատվածներ լինելու են անմիջապես գետնի վրա, Հայաստանի տարածքը կարճանում էր ութ մետրով»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ում պահվող խորհրդապահական այս գրության մեջ։
Այս տեքստից ուշագրավ է հատկապես երկու հատված.
1. Ազատ եւ անարգել երթեւեկությունը ենթադրում էր, որ ադրբեջանական ավտոմեքենաները չէին կանգնեցվելու ճանապարհին եւ չէին անցնելու Հայաստանի մաքսային ծառայության միջոցով,
2. Հայաստանի տարածքը կարճանում է 8 մետրով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։