Հայաստանում տարածում է գտնում մտահոգությունը, թե մեր երկիրը կործանման շեմին է։ Թե սպասվում է մեզ այն, ինչ տեղի ունեցավ 1920-ին։ Կասկածից դուրս է` 1920 եւ 2020 թվականների մեր պարտությունները ճշտորեն կրկնում են իրար։ Արվել են նույն սխալները, եւ նույն արդյունքն ենք գրանցել։
Հուսահատեցնող այս վիճակը, սակայն, արդարացված էր մինչեւ սեպտեմբերի 13-ը, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց։ Ադրբեջանի այդ քայլը իրավիճակ փոխեց։ Մինչ այդ, իրոք, աղոտ էր հույսը, թե կկարողանանք հաղթահարել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգը։ Այժմ մեր առջեւ նոր հնարավորություններ են բացվում:
Մեր տարածաշրջանում իրավիճակ փոխած սեպտեմբերի 13-ին նախորդում է աշխարհում իրավիճակ փոխած փետրվարի 24-ը, երբ սկսվեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը։ Պուտինը, շարունակելով ռուսական ծավալապաշտական քաղաքականությունը՝ ընդլայնել կայսրությունը հարեւան երկրների հաշվին, ինչով զբաղվել են Ռուսաստանի իրենից առաջ եղած բոլոր ղեկավարները, մխրճվեց մի արկածախնդրության մեջ, որից, պարզ է արդեն, պարտված կամ խիստ թուլացած է դուրս գալու։
Նա չէր հաշվարկել, որ նոր ժամանակներ են, որ աշխարհում բոլորովին այլ՝ ոչ միջնադարյան կանոններ են գործում։ Պուտինի սխալ հաշվարկը զգուշացնելու փոխարեն, ըստ ամենայնի, ոգեւորել էր Ալիեւին։ Որոշեց՝ եթե Ռուսաստանը կարող է Եվրոպայի սրտում սահմաններ վերաձեւելու փորձ ձեռնարկել, ապա Ադրբեջանն էլ իր հերթին կարող է իր հայեցողությամբ հայ-ադրբեջանական սահմանը ձեւել։ Նա բոլորովին չէր սպասում այն արձագանքին, որ եղավ։
Իսկ Արեւմուտքից հնչած արձագանքը անսպասելիորեն բուռն էր։ Սեպտեմբերի 13-ին հաջորդեցին ու բավական արագ հաջորդում են զարգացումներ, որոնց էությունը, եթե մենք ճիշտ ընկալենք, ճիշտ կողմնորոշվենք ու ճիշտ քայլեր կատարենք, ապա կխուսափենք այն խիստ անցանկալի արդյունքից, որը որպես 2020-ի նոյեմբերին գրանցած պարտության հետեւանք կարող էինք ունենալ։
Մեր տարածաշրջանում թուլացող Ռուսաստանի դերի նվազմանը զուգահեռ ավելանում է Արեւմուտքի դերակատարումը, որը մեզ իրեն որպես դաշնակցի է դիտարկում, բարձրաձայն հանդես է գալիս մեր շահերը պաշտպանելու դիրքերից ու, որ անչափ կարեւոր է, ի տարբերություն Ռուսաստանի, շահագրգռված է մեր ու մեր հարեւանների միջեւ խաղաղության հաստատմամբ:
Այս առումով մեր վիճակը 1920-ի վիճակից տարբերվում է։ Այն ժամանակ մենք, իրոք, ռուս-թուրք-ադրբեջանական միասնության դեմ միայնակ էինք ու ծանր կորուստներ գրանցեցինք։
Այսօր եռյակը նույնն է, բայց մենք միայնակ չենք։ Արեւմուտքի մուտքը եւ ամրապնդումը մեր տարածաշրջանում փրկօղակ են մեզ համար։ Մենք արդեն հաղթած հարեւանների աքցանում գտնվող, նրանց անընդհատ աճող ախորժակը զսպել չկարողացող, անզորությունից հուսահատ հանրույթ չենք։ Մենք միջազգայնորեն ճանաչված սահմաններով անկախ երկիր ենք, ունենք աջակիցներ, որոնց շահերն այս տարածաշրջանում ոչ մի կերպ չեն հակասում մեր շահերին։
Սրանից չի հետեւում, թե պետք է անտեսենք թուլացող, բայց ազդեցության իր լծակները չկորցրած Ռուսաստանի պարագան։ Հակառակը, պետք է կարողանանք ճիշտ համադրել ուժերի հարաբերակցությունը, ճիշտ կողմնորոշվենք եւ ավելորդ լարվածություններից խուսափենք։
Մեր գերնպատակը պետք է լինի մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանումը, մեր ինքնիշխանության ամրապնդումը, պատերազմի բացառումը եւ երկարատեւ խաղաղության հաստատումը։
Չարագույժ կանխատեսումներով մարդկանց հուսահատեցնելը տեղին չէ։ 1920-ի եւ 2020-ի մեր պարտությունների նմանությունից բոլորովին չի հետեւում, թե վերջնարդյունքն անպայման նույնն է լինելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։