ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին փոխանցած՝ ադրբեջանցիներին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ տեսանյութերը 2020 թվականի են։
Շաբաթներ առաջ Գրիգորյանը Կլաարին խնդրել էր իրեն տրամադրել այն տեսանյութերը, որոնք, Կլաարի համոզմամբ, կարող են վկայել ադրբեջանական գերիների կամ դիերի խոշտանգումների վերաբերյալ։ Պաշտպանը նշել է, որ ստացել է այդ տեսանյութերը Կլաարից, եւ դրանց իրավական գնահատականը, դրանց թվում նաեւ փորձաքննության արդյունքները պետք է տան իրավապահ մարմինները։
«Փոխանցել եմ տեսանյութերը գլխավոր դատախազությանը, սպասելու եմ արձագանքի, որովհետեւ գիտենք, որ դեռեւս 2021 թվականից քրեական գործեր կային հարուցված նման առերեւույթ դեպքերի վերաբերյալ եւ պետք է կարողանանք իրավապահներից ստացված տեղեկությամբ հաստատել»,- ընդգծել է Գրիգորյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ներկայում քանի անհետ կորած կա, ՄԻՊ-ը շեշտել է, որ հոկտեմբերի 16-ին իրենք ստացել են ավելի քան 40 դիմում, որտեղ նշվում էր, որ իրենց հարազատն անհետ կորած է։
Ըստ Պաշտպանի՝ այս ընթացքում ավելի քան 130 մարմին է փոխանցվել, եւ անհետ կորածների թիվը կարող է նույնականացման գործընթացում փոփոխվել։
«Ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների գտնվելու մասին, եւ ադրբեջանական կողմն այս պահի դրությամբ դեռեւս համաձայնություն չի տալիս, խոչընդոտում է, որ հայկական կողմը հանի մարմինները»,- հավելել է Գրիգորյանը։