Վրաստանում Զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին այդ երկրում զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտները գերազանցել են 375 միլիոն դոլարը՝ հասնելով 375 միլիոն 615 հազար 194 դոլարի, ինչը գերազանցում է նախահամավարակյան 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 17,9 տոկոսով կամ 56 միլիոն 982 հազար 269 դոլարով։
Արդեն երրորդ անգամ միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտները գերազանցել են 2019 թվականի նախահամավարակյան շրջանի համապատասխան ամիսների ցուցանիշները։ Նշենք, որ վիճակագիրները ուղենշային են ընդունում 2019 թվականը, քանի որ այդ տարի Վրաստանը զբոսաշրջային ոլորտից ռեկորդային ծավալների եկամուտներ է ստացել։
2021 թվականի սեպտեմբերի համեմատությամբ՝ այս տարվա սեպտեմբերին միջազգային ճամփորդություններից ստացված եկամուտները գերազանցել են 132,1 տոկոսով կամ 213 միլիոն 752 հազար 443 դոլարով։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Վրաստանը զբոսաշրջային հոսքի ավելացման շնորհիվ ստացել է 2,5 միլիարդ դոլարի եկամուտ միջազգային ճանապարհորդություններից կամ զբոսաշրջությունից։
2021 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ՝ աճը եղել է +190,8 տոկոս կամ 1 միլիարդ 651 միլիոն 528 հազար 684 դոլար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը