Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը Դաունինգ սթրիթ10-ի իր նստավայրի առջեւ հայտնել է, որ հրաժարական է տալիս Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։
Նա կմնա վարչապետի պաշտոնում մինչեւ պահպանողականների նոր առաջնորդի ընտրությունը, որը տեղի կունենա մեկ շաբաթվա ընթացքում:
Թրասը, որ իշխանության էր եկել սեպտեմբերի սկզբին, սուր քննադատության էր ենթարկվում տնտեսության ոլորտում ընդունած որոշումների համար: Կառավարությունում արդեն երկրորդ առանցքային նախարարի՝ ՆԳՆ ղեկավար Սուելա Բրավերմանի հրաժարականից հետո կտրուկ աճեց պահպանողական պատգամավորների թիվը, որոնք պաշտոնապես պահանջում էին վարչապետի հրաժարականը:
Այսպիսով, Թրասը կդառնա Բրիտանիայի պատմության մեջ ամենաքիչ պաշտոնավարած վարչապետը: Նրանից առաջ Բրիտանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում ամենակարճը՝ ընդամենը 119 օր, պաշտոնավարել է թոքախտից մահացած թորի Ջորջ Քանինգին (1770-1827), իսկ ամենաերկարը՝ 20 տարի եւ 314 օր, վարչապետ է եղել վիգերի կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ուոլփոլը (1676-1745):
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարի պաշտոնից հեռացած Քվազի Քվարտենգը հոկտեմբերի 15-ին բրիտանական Times պարբերականին տված հարցազրուցում համոզմունք էր հայտնել, որ նորընտիր վարչապետ Լիզ Թրասը մի քանի շաբաթից կլքի պաշտոնը։