2020 թվականի հոկտեմբերի 3-ին Հադրութից տեղահանված Սարգսյանների ընտանիքը Երեւանում փոքրիկ բիզնես է հիմնել՝ «Հադրութս բեյքրին»։ Փոքրիկ խանութ-արտադրամասում Արցախի, հարազատ Հադրութի բույրը կա… Իննան ու նրա քույրը՝ Նարինեն, թխում են տարատեսակ թխվածքաբլիթներ ու ժենգյալով հաց։ Գնորդները նախընտրում են հատկապես Հադրութի անուշահամ փախլավան ու ժենգյալով հացը։ Հավատարիմ գնորդների մի մասն էլ արցախցիներ են։
Տեղահանությունից հետո Երեւանում բիզնես հիմնելը դժվար էր, բայց հարկավոր էր ուժ գտնել եւ ապրել։ Սարգսյանների ընտանիքը Հադրութում հանքային ջրի շշալցման գործարան, հրուշակեղենի արտադրամաս եւ երեք խանութ ուներ։ Իննան Ստեփանակերտի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում է սովորել, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել: Հադրութում ամուսնուն օգնում էր՝ բիզնեսները կառավարելու, սիրում էր խմորեղեն թխել, բայց երբեք չէր պատկերացնի, որ մի օր իր այդ հմտությունը կօգտագործեր ապրուստի գումար վաստակելու համար։
Սարգսյանների ընտանիքի հիմնած «Սեմյա» ՍՊԸ-ն Արցախի ամենախոշոր եւ օրինակելի հարկատուներից էր։ Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից մի քանի անգամ շնորհակալագրեր են ստացել։ Հադրութում խաղաղ կյանք, աշխատանք, մեծ ու գեղեցիկ տուն ունեին։ Ամբողջ կյանքում աշխատել էին ու ներդրումներ արել միայն Հադրութում։ Չէին ուզում ուրիշ տեղ բիզնեսներ հիմնել, բոլոր նպատակներն ու երազանքները կապված էին հարազատ Հադրութի հետ։
«Այդ նյութական արժեքներն, անշուշտ, ամենակարեւորը չեն․․․ Մենք մեր հայրենիքը կորցրինք․․․ Հադրութում մեր մանկությունն ու կյանքն է անցել, ասես մեր կյանքը մեզնից խլեցին։ Անամոթաբար ասում են՝ այդ հողերն իրենցն են, այդ ինչպե՞ս են իրենցը, եթե այնտեղ իմ պապն ու նախապապերն են ապրել, շենացրել։ Նրանք հիմա հուղարկավորված են Հադրութում։ Շատ ահավոր է մեր վիճակը։ Բառերով նկարագրելու չէ․ ուզում եմ հորս գերեզման այցելել, բայց չեմ կարող․․․»,- հուզմունքը զսպել չկարողանալով՝ պատմում է Իննան։
Նա մինչեւ հիմա չի կարողանում հաշտվել Հադրութը կորցնելու մտքի հետ։ Իննայի եղբայրը զոհվել է 1993 թվականին Արցախյան պատերազմում։ Հայրն էլ էր 90-ականներին պատերազմին մասնակցել։ Այնքան էր խրամատներում մնացել ու ծանր օրեր տեսել պատերազմում, որ օրգանիզմն ախտահարվել էր։
«Հայրս 54 տարեկանում մահացավ՝ բարեբախտաբար, Արցախյան գոյամարտում մեր հաղթանակը տեսնելուց հետո։ Հազարավոր քաջեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի։ Բազմաթիվ ընտանիքներ իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքի համար։ Իշխանությունն այս ինչպե՞ս վարվեց մեր ժողովրդի հետ։ Եթե չէին կարողանում ղեկավարել, թո՛ղ հեռանային, որ գային նրանք, ովքեր կարող էին երկիր պահել։ Այս ի՞նչ արեցին։ Մեր երկրի վիճակը գնալով վատանում է, լավ բան չենք տեսնում։ Ցավալի է գիտակցելը, որ էլի՛ պատերազմի վտանգ կա․․․»,- մտահոգվում է Իննան։
Երեւանում ապրող հադրութցիները հաճախ են հանդիպում։ Նրանցից շատերը ծանրագույն սոցիալական վիճակում են։ Այժմ պետությունն ամսական 40-հազարական դրամ է հատկացնում հադրութցիներին՝ որպես սոցիալական աջակցություն, սակայն Իննան ասում է՝ հուլիսին են ստացել 40 հազար դրամը։ Վերջին ամիսների սոցիալական աջակցությունը դեռեւս չեն ստացել։ Հադրութցիները հանդիպելիս անդադար հարազատ ծննդավայրի մասին են խոսում, հուշերով ապրում։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան ցավը խորանում է։
«Մարդիկ այս ցավին չեն դիմանում։ Ամեն շաբաթ հուղարկավորության ենք գնում։ 55-ից բարձր տարիքի մարդիկ, որ առողջ էին, այս սարսափի միջով անցնելուց հետո մահանում են, սիրտները կանգնում է։ Ոմանք քնում են, չեն արթնանում։ Ջահելները պատերազմում զոհվեցին, միջին տարիքի մարդիկ էլ այս ցավին չդիմանալով են մահանում»,- պատմում է Իննան։
Մինչեւ հիմա հիշում է 2020-ի պատերազմի օրերը, չարաբաստիկ հոկտեմբերի 3-ը, երբ ստիպված դուրս եկավ հարազատ տնից։ Վերցրեց ձեռքի տակ եղած գումարը, զարդերը, զավակների լուսանկարներն ու էլեկտրական հարիչը, որը որդին Գերմանիայից էր բերել։ Հադրութից Երեւան տեղափոխվելիս ավտոմեքենան վարում էր վիրավոր եղբայրը, ղեկը մի ձեռքով հազիվ էր բռնել։ Հրետակոծություն էր, դժոխք էր․․․
«Իհարկե, դժվար էր Հադրութից հեռու լինելը, բայց հարկավոր էր ապրել։ Նոյեմբերի 10-ից արդեն Երեւանում գործի անցա, սկսեցի թխվածքաբլիթներ պատրաստել ու վաճառել։ Հադրութից բերած իմ հարիչով աշխատում էի ու ամեն վայրկյան հիշում մեր Արցախը։ Հիմա էլ է այդպես․ ամեն ինչ Հադրութն ու Արցախն է հիշեցնում․․․ Հադրութի համերն ու բույրերը մեզ հետ Երեւան բերեցինք, ապրում ենք Հադրութի կարոտով, այնտեղ վերադառնալու հույսով»,- ասում է Իննան։
«Հադրութս բեյքրի»-ում Իննայի հետ աշխատող քույրը՝ Նարինեն, հիմնականում ժենգյալով հաց է պատրաստում։ Նա մասնագիտությամբ դիմահարդար-կոմետոլոգ է, բայց հիմա ժենգյալով հաց թխելու մեջ է վարպետացել։ Ասում է՝ ով մի անգամ գնումներ է անում իրենց խանութից, դառնում է մշտական հաճախորդ։ Նարինեն ասում է՝ իրենց հաջողության գրավականը թարմ ու որակյալ մթերք օգտագործելն ու գործի վարպետ լինելն է։
Պատվերներ ունեն, դժգոհ չեն, բայց լավ կլիներ, որ ինչ-որ սրճարանի կամ ռեստորանի հետ կարողանային համագործակցել եւ կայուն պատվերներ ու եկամուտ ունենային։
«Ի սկզբանե այս բիզնեսը գրանցված է եղել․ աշխատել ենք ամեն ինչ անել օրենքով»,- ասում է Նարինեն։
Հիմա Երեւանում իր մանկահասակ դստեր հետ բնակվում է քրոջ՝ Իննայի տանը։ Նարինեի ամուսինն այժմ Ստեփանակերտում է աշխատում։ Ասում է՝ ամուսիններով պիտի աշխատեն, որ գոյատեւեն, կարողանան 6-ամյա դստեր համար ապագա կերտել։ Նարինեի դուստրը՝ Նաստյան, չորս տարեկան էր, երբ տեղահանվեցին։ Նա ամեն օր հիշում է իրենց տունը, բակը, ընկերներին, սիրած ընտանի կենդանիներին։ Նաստյան սիրում է նկարել։
Հաճախ Հադրութի իրենց տունն է նկարում։ Երբեք չի նկարում այն տունը, որտեղ այժմ ապրում է, ասում է՝ իրենց տունը Հադրութի տունն է. ուզում է Հադրութ գնալ, իր կատվի հետ բակում խաղալ։ Տեղահանությունից առաջ երեխան հասցրել էր գրկել կատվին։ Մինչեւ հիմա հիշում է, ասում է՝ իմ կատուն ռումբերի ձայնից վախեցել էր, դողում էր, տեսնես հիմա ո՞ւր է, ինչպե՞ս է։
«Այդ եռուզեռի, խառնաշփոթի մեջ կենդանին թաքնվել էր, չկարողացանք մեզ հետ Երեւան բերել։ Աղջիկս թեեւ փոքր է, բայց պատերազմի սահմռկեցուցիչ ձայներն ու աղետալի տեսարանները մինչեւ հիմա հիշում է։ Կարոտում է Հադրութը․ միշտ հարցնում է՝ իսկ ե՞րբ ենք վերադառնալու մեր տուն, իսկ ես չգիտեմ ինչ պատասխանել․․․ Բայց իմ մեջ էլ հույսը չի մարում։ Ես էլ իմ դստեր պես հավատում եմ, որ մի օր վերադառնալու ենք Հադրութ»,- ասում է Նարինեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։