Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչությունից հայտնել են, որ սեպտեմբերին գերմանական արտադրողների թողարկած արտադրանքի առքի գներն ընդհանուր առմամբ աճել են 45,8%-ով՝ 2021-ի սեպտեմբերի համեմատ։
Օգոստոսին էլ գնաճը եղել է նույնպիսին։ Սա, ըստ գերմանացի տնտեսագետների, նշանակում է, որ այս տարվա օգոստոսին եւ սեպտեմբերին տարեկան կտրվածքով արձանագրվել են ամենաբարձր առքի գները վիճակագրության իրականացման սկզբից՝ 1949 թվականից սկսած։ Սա այն դեպքում, երբ, ըստ Reuters-ի, տնտեսագետներն ակնկալել էին 44,7%-ի աճ։
Գերմանական արտադրողների թողարկած արտադրանքի գինն ամսական կտրվածքով աճել է կանխատեսվածից արագ։ Օգոստոսի համեմատ աճը եղել է 2,3 %։ Հուլիսի համեմատ օգոստոսին աճը եղել է ավելի էական՝ 7,9%, ինչը տնտեսագետները ռեկորդային են համարել։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, ամենաշատը աճել են էներգակիրների գները։ Այստեղ գնաճը եղել է 132,2%։
Հատկապես թանկացել է գազի գինը խոշոր սպառողների համար։ Արդյունաբերական սպառողները բնական գազի համար վճարել են 264,8%-ով ավելի, քան մեկ տարի առաջ, էլեկտրաէներգիայի համար՝ 233,1%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
Տնտեսագետներն այս ցուցանիշները համարում են վատ ազդակ սպառողական գների հետագա վերընթաց դինամիկայի համար։ Դրանք արդեն իսկ զգալիորեն ավելացել են ուկրաինական պատերազմի եւ էներգակիրների համաեվրոպական շուկայում արձանագրված գնաճի պատճառով։
Պատրաստեց Արման Գրիգորյանը