ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպմանը խոսել են ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի մասին։
Զրուցակիցներն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխելու ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի դեմ: Ըստ Կովաչեւի՝ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:
«Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք»,- հավելել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը:
Կողմերը անդրադարձել են նաեւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցերին: