ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Բաքուն չի դիտարկի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության բյուջեի նախագիծը հաջորդ տարվա համար` «ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի կարգով Հայաստան ուղարկելու որոշումից հետո»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների այս առաքելությունը կազմակերպության մանդատը չունի, եւ դա պետք է գնահատվի որպես մասնավոր այց:
Ադրբեջանական կողմը հայտարարության մեջ նշել է, որ իրենք չեն առարկել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանի տարածք ուղարկելու դեմ՝ որպես վստահության ամրապնդման լրացուցիչ միջոց։ Մինչդեռ հիմա, ըստ ԵԱՀԿ-ում ադրբեջանական ներկայացուցչության, այն, ինչ հիմա իրենք տեսնում են, դուրս է Պրահայում ձեռք բերված համաձայնություններից։
«ԵԱՀԿ-ն բոլոր 57 մասնակից պետությունների ընդհանուր ակտիվն է։ Մենք հանդես կգանք ԵԱՀԿ փաստաթղթերի եւ որոշումների աղաղակող խախտման եւ անտեսման դեմ եւ դեմ կլինենք այդ կազմակերպության ներսում մնացած համագործակցության ոգին խաթարելու ցանկացած փորձի»,- նշված է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ առաքելությունը գնահատելով իբրեւ միակողմանի քայլ՝ Բաքվում նշել են, որ քանի դեռ ներկա իրավիճակը չի շտկվել, եւ չի վերականգնվել համապատասխանությունը ԵԱՀԿ փաստաթղթերին եւ որոշումներին, «Ադրբեջանի ներկայացուցչությունը չի դիտարկի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, ներառյալ փոստի աշխատանքային գրաֆիկները եւ ռեսուրսների պահանջվող ծախսերը»:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Հայաստան ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմ ուղարկելու նախաձեռնությունը, նշել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության նման որոշում ընդունելը հակասում է ԵԱՀԿ-ի գործունեության սկզբունքներին։
«Մենք սա համարում ենք մասնավոր որոշում։ Սա ԵԱՀԿ առաքելություն չէ»,- ընդգծել է Չավուշօղլուն: