Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները հասել են սկզբունքային համաձայնության՝ պայմանավորվելով շարունակել աշխատանքը տնային տնտեսությունների եւ բիզնեսի համար էներգիայի գնաճի զսպման մենախիզմների վրա։ Ըստ Միշելի՝ քննարկումներում հաղթել է միասնությունն ու համերաշխությունը։
Եվրոպական երկրների համար գազի ձեռք բերման միասնական համակարգի ստեղծման եւ սեղմված գազի գնի հաշվարկման համար ավելի արդարացի բանաձեւի մշակման մասին Եվրահանձնաժողովի ավելի վաղ ներկայացրած առաջարկները եւս կքննարկվեն: Դրանցում հաշվի էր առնվելու ՌԴ-ից խողովակաշարերի միջոցով մատակարարվող գազի ծավալի կտրուկ նվազման փաստը։
ԵՄ անդամ երկրների Էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հաջորդ շաբաթ քննարկել եվրոպական էներգետիկ ճգնաժամը մեղմելուն ուղղված միջոցառումները։ «Առջեւում դեռ շատ բան կա անելիք։ Մտել ենք մինչ այժմ մեզ անհայտ մի տարածք, որտեղ չունենք ոչ մի փորձառություն»,- այս առնչությամբ հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։
ԵՄ գագաթնաժողովին էներգետիկ վեճը բավականին սուր է եղել։ Ֆրանսիան եւ Բելգիան առաջարկել են եվրոպական ընկերությունների համար համաշխարհային շուկայում գազի ձեռքբերման գնի վերին նիշ սահմանել։ Գերմանիան ու Հունգարիան, սակայն, այս գաղափարին կասկածամտորեն են վերաբերվել. մտավախություն կա, որ մատակարարները կհրաժարվեն ԵՄ-ին գազ վաճառել արհեստականորեն սահմանափակված գնով։
Էներգետիկ վիճաբանությունում հակառակ ճամբարներում հայտնված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ձգտել են տարաձայնություններում փոխընդունելի լուծման տարբերակ գտնել: Սակայն հարցերը դեռ սպառված չեն եւ հաջորդ շաբաթ Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն: Չնայած տարակարծություններին, Փարիզում տրամադրված են համաձայնության հասնել: Բեռլինում էլ վստահ են, որ նպատակն ընդհանուր է եւ տարաձայնությունը սոսկ դրան հասնելու մեթոդաբանությունն է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը