Իրանի Առեւտրի աջակցության կազմակերպությունից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի ռեժիմի մասով ընթացող բանակցությունների ավարտից հետո՝ իրանական օրացույցի հաջորդ տարվա սկզբից, որը համապատասխանում է գրիգորյանական (եվրոպական) օրացույցի 2023-ի մարտի 21-ին, ԵԱՏՄ-ն եւ Թեհրանը կսկսեն զրոյական մաքսային տարիֆով ապրանքափոխանակությունը։
Ըստ իրանական Mehr գործակալության՝ ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի միջեւ անցկացվել է բանակցությունների 9 փուլ։ Ներկայում գործում է արտոնյալ առեւտրի համաձայնագիրը, որի արդյունքում ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2015-ին արձանագրված 2,3 միլիարդ դոլարից աճել է ավելի քան 2 անգամ եւ 2021-ին կազմել 5 միլիարդ դոլար։
Վերջին երեք տարում իրանական արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 55 տոկոսով։ Ազատ առեւտրի համաձայնագրի հաստատվելուն պես իրանական կողմի առաջ կբացվի ԵԱՏՄ շուկան, որը տասնյակ կամ նույնիսկ հարյուր միլիարդավոր դոլարների եկամուտ կբերի կողմերին։
Ըստ «Եվրոստատի»՝ թեեւ Իսլամական Հանրապետությունը ենթարկվում է պատժամիջոցների խիստ ռեժիմի, այդուհանդերձ, իրանական արտահանումը դեպի Եվրամիություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով՝ հասնելով 3 միլիարդ 403 միլիոն եվրոյի։ 2021-ին Իրանի եւ Եվրամիության միջեւ առեւտրաշրջանառությունը եղել է 2 միլիարդ 649 միլիոն եվրո։
Պատրաստեց Արման Գրիգորյանը