Օրերս «Ալիք Մեդիայի» խմբագրությունում հյուրընկալվել էր Սիրիայի հայկական դեմոկրատական միության տնօրեն Արեւ Քասաբյանը։
Արեւն առաջին անգամ էր Հայաստանում։ Նպատակը հայրենիքը տեսնել-ճանաչելը եւ հայրենակիցների հետ շփվելն էր։ «Սիրիայում մեծ թվով կորսված հայեր կան։ Նրանք, որոնց պապերին ջարդից հետո արաբները պահեցին կամ քրդերը։ Նրանք իսլամացած են, բայց ուզում են իրենց եղբայրների կողքին լինել, որ մեկ ուժ լինեն»։
Արեւը հայերեն, ցավոք, չի խոսում, բայց նրա ղեկավարած կազմակերպությունը զբաղվում է «կորսված հայերի» հայտնաբերմամբ եւ մայրենի լեզվի ուսուցման դասընթացներ է կազմակերպում նրանց համար։
«107 տարի առաջ էր, որ ջարդը եղավ։ Երբ պապս Ուրֆայից Սիրիա հասավ, փոքր էր, քրդերը մեծացրին, մի շրջապատում մեծացավ, որտեղ հայ չկար։ Եթե կային էլ, հեռու էին։ Մարդ չկար, որոնց հետ կարելի էր խոսել։ Մեծացավ, քրդերեն եւ արաբերեն սովորեց։ Հիմա իրենց սերունդները փորձում են հայերեն սովորել։ Այսպես եղավ»,- պատմում է Արեւը։
Ցեղասպանությունը, ըստ նրա, միայն ֆիզիկական ոչնչացումը կամ աքսորը չէր, առավել ահավորը մարդկանց մայրենի լեզվից զրկելն էր. «Թուրքը հայերին ոչ միայն սպանեց, հողերը գրավեց, այլեւ լեզուն ջնջեց։ Շատ ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, բայց պետք է սովորեմ»։
Սիրիայի հայկական դեմոկրատական միության հայահավաք նախաձեռնությունն արդեն շոշափելի արդյունք տալիս է, բայց անելիք դեռ շատ կա։ Արեւ Քասաբյանը հուսով է, որ Հայաստանի կառավարությունը պատշաճ կերպով կաջակցի. «Գիտենք մեր հայրենիքի վիճակը, շատ լավ գիտենք, բայց պետք է մի քիչ հոգ տանել, որ մեր զավակներին չկորցնենք։ Իրենց հարյուր տարի առաջ արդեն կորցրել ենք»։