Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակվել է ԱՄՆ կառավարության հայտարարությունը, որում ԱՄՆ-ն ողջունել է Ադրբեջանի իշխանությունների կողմից մարտի 18-ին աշխարհիկ եւ կրոնական ընդդիմության 30 ներկայացուցչությունների համաներումն ու ազատ արձակումը:
«Ադրբեջանին կոչ ենք անում ավանդական Նովրուզի առթիվ լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար դատապարտված բոլոր բանտարկյալներին համաներելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով երկրի բանտերից ազատ է արձակվել 625 մարդ: Համաներված դատապարտյալներից 38-ը համարվում է քաղբանտարկյալ, որոնցից 28-ը, նրանց թվում՝ լրագրող Էլչին Իսմայիլին, դատապարտվել են 2015-ին Նարդան գյուղում տեղի ունեցած անկարգությունների գործով: Ազատ արձակվածների թվում է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության չորս անդամ: