Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների եւ հսկող սարքավորումների միջոցով, եւ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, ոչ թե կողմերին։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին, թե արդյունքներն օգտակար կլինե՞ն, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Կլաարն արձագանքել է, թե նախագահ Ալիեւը հստակ հասկացրել է՝ Բաքուն համաձայն է առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով առնչվում է իրեն։
Ըստ Եվրամիության հատուկ ներկայացուցչի՝ Բրյուսելում ակնկալում են, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ՝ տեղում համապատասխան դերակատարների միջեւ կանոնավոր շփումների միջոցով՝ առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Կլաարը հույս է հայտնել, որ ԵՄ առաքելությունը կծառայի նաեւ կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը:
«Այժմ կարեւոր է վերջնականապես շրջել թշնամության էջը, խուսափել նախկին սխալներից եւ դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջեւ՝ հանուն խաղաղ ապագայի»,- հայտարարել է դիվանագետը: Նա վստահեցրել է, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն երկու կողմերի հետ շարունակում է լուրջ համագործակցել։