Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անդրադարձել է հոկտեմբերի 20-ին Բաքվում, ապա գրավված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ելույթին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Փաշազադեի՝ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգեւոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության եւ հայկական ռեւանշիզմի վերաբերյալ հերթական հայտարություններն ու դատողությունները՝ դրանք հերյուրական ու նենգափոխիչ որակելով:
Հակառակ որդեգրված ուղերձների ոգուն՝ լուռ է Ադրբեջանի ռազմատենչության եւ հայատյացության նկատմամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել եւ կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին եւ ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։
Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում, որ 2020-ի 44-օրյա պատերազմից եւ իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։ Սուրբ Էջմիածինն ընդգծել է, որ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը իբրեւ թե կարեւորող, հակառակ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, Կովկասի մահմեդականների վարչության նախագահը միեւնույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության եւ հայատյացության նկատմամբ:
Վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը թոթափելուն կոչված տեսանելի քայլեր գործադրելու հորդոր
Մայր Աթոռը նշել է, որ Փաշազադեն լուռ է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու եւ խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու եւ պղծելու, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը ոչնչացնելու եւ յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ եւ հիմնավոր փաստագրել են նաեւ միջազգային հանրությունն ու կառույցները։
«Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել եւս կարիքն ունեն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի ուշադրության եւ միջնորդական ջանքերի։ Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, հավատարիմ հոգեւոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։ Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգեւ խաղաղությամբ, ողորմությամբ եւ առատ շնորհներով»,-ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ։