Աշխարհում քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարները սահմանափակ են․ դրանք համաշխարհային ջրային պաշարների 2,5%-ն են։ Աշխարհի 43 երկրում ավելի քան 2 միլիարդ մարդ սակավաջրության լուրջ վտանգի առաջ է կանգնած, նրանք չունեն մաքուր եւ որակյալ խմելու ջրի բավարար պաշարներ կամ առհասարակ զրկված են դրանից:
Ըստ ՄԱԿ-ի կատարած հետազոտության՝ աշխարհի բնակչության կեսից ավելին (4,52 միլիարդ մարդ) ջրային ռեսուրսների սակավության հետեւանքով զրկված է սանիտարահիգիենիկ նորմալ պայմաններից։ Աշխարհի բնակչության մոտ մեկ հինգերորդն արդեն այսօր բախվում է ջրի սակավության խնդրի Միջին Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հնդկաստանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Չինաստանում, Հյուսիսային Մեքսիկայում եւ Հարավարեւելյան Ավստրալիայում:
Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով, համարվում է ջրային ռեսուրսներով «չափավոր ապահովված» երկիր։ Սակայն գլոբալ տաքացման հետեւանքով տարիներ անց Հայաստանում եւս կարող է քաղցրահամ ջրի սակավություն առաջանալ, ավելին՝ հիմա էլ ջրային ռեսուրսների կառավարման նկատելի խնդիրներ կան։
Բազմաթիվ համայնքներում խմելու ջրի խնդիրներ կան, կամ համայնքներ, որտեղ ընդհանրապես խմելու ջուր չկա։ Համայնքների թիվը հստակ նշել հնարավոր չէ, քանի որ այժմ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն ուսումնասիրություն է կատարում եւ դեռեւս վիճակագրական տվյալներ չունի։
Մայրաքաղաքում եւս հատկապես ամռան ամիսներին որոշ վարչական շրջաններում խմելու ջրի մատակարարման խնդիրներ են առաջանում։ Քաղցրահամ ջրի պաշարների խնայողությունը կարեւոր խնդիր է ամբողջ աշխարհում։ Հայաստանում, սակայն, շատ են ցայտաղբյուրները, որոնք բացելու-փակելու հարմարանքներ չկան, ուստի ջուրն անդադար հոսում է։
«Ալիք Մեդիա»-ն փորձեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկանալ՝ քանի ցայտաղբյուր կա, եւ դրանցից քանիսի վրա փականներ կան, պատասխանեցին, որ դրա մասին տեղեկություն չունեն, ցայտաղբյուրների վերաբերյալ բոլոր հարցերը հարկավոր է ուղղել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։
Ի պատասխան տեղեկություն ստանալու մեր գրավոր հարցման՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը նշում է՝ ըստ 2022 թվականի մայիս-հունիսին անցկացված գույքագրման՝ Երեւանում կա 3 398 ցայտաղբյուր։ Հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների պարագայում «Վեոլիա ջուր» ընկերությունն ապահովում է անվճար ջրամատակարարում եւ ջրահեռացում։
Իսկ թե 3398 ցայտաղբյուրից քանիսն ունի փական, այս հարցի պատասխանը Մարիաննա Շահինյանը չունի․ ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների շահագործման եւ պահպանման համար։
«Ինչ վերաբերում է հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների վրա ջուրը փակելու հարմարանքների տեղադրմանը, ապա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այժմ նման նախաձեռնություն չունի»,- նշում է Մարիաննա Շահինյանը։
Երեւանի քաղաքապետարանում եւս դեռեւս որեւէ նախաձեռնություն չկա ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու առնչությամբ։
Հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության ջրային կոմիտե։ «Ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու, համայնքներում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա խմելու ջրի խնդիրների հետ կապված՝ Ջրային կոմիտեի եւ ջրային համակարգը շահագործող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են համատեղ ուսումնասիրություն»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պատասխանեց ՏԿԵՆ ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը։ Իսկ թե այդ ուսումնասիրությունը երբ կավարտվի, ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարը չի տեղեկացրել։
Մինչ աշխարհում ելքեր են փնտրում քաղցրահամ ջրի պաշարները խնայելու, այդ ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար, մեր երկրում անգամ ցայտաղբյուրների վրա ջուրը փակելու հարմարանքներ չեն տեղադրվում, ավելին՝ դա անելու մտադրություն էլ չկա։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։