Ռեփի սկիզբը գտնելու համար պետք է տեղափոխվենք 1619 թվական, երբ սկսվեց սեւամորթների ստրկությունը։ Աշխատանքի ընթացքում ստրկացված սեւամորթները որպեսզի որեւէ ձեւով թեթեւացնեն իրենց աշխատանքը, փորձում էին այն զուգակցել երգերով։
Ձեռքի տակ չունենալով հարվածային գործիքներ` նրանք երգը զուգորդում էին մատների շրխկոցով կամ ծափերով։ Հետագայում առաջացավ «բիթ» հասկացությունը, որը ռեփում ընդունված է անվանել «Clap» կամ «Snap»։ Սա դարձավ ռեփի հիմնաքարը եւ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1970-ականներին, երբ ռեփը սկսեց ժամանակակից տեսք ստանալ։
Այն նախ սկսեց տարածվել ռադիոյի միջոցով, որտեղ բիթերի ներքո սկսեցին հանգավորված ռեփ կարդալ։ Այս ամենը արագ տեմպով սկսում է տարածվել երիտասարդների շրջանում եւ նոր վարիացիաներ է ստանում։ Տասը տարի անց ի հայտ է գալիս ռեփ բաթլը, որը երկու ռեփ կատարողների մրցույթ է, որոք մրցում էին հանգավորված տեքստերով, եւ դա հիմնականում անցկացվում էր փողոցում։
Ապա ձեւավորվում է հիփ հոփ մշակույթը, որը հետագայում կգրավի ամբողջ աշխարհը։ Այդ տարիներին դա բողոքի յուրահատուկ ձեւ էր, ինչը հիմնականում բարձրացնում էր սեւամորթների սոցիալական խնդիրները։
Առաջիններից մեկը, որ փորձեց ռեփը օգտագործել որպես գործիք սոցիալական անհավասարությունը սեւամորթների եւ սպիտակամորթների միջեւ վերացնելու համար, Լեսեյն Փերիշ Քրուքսն էր (հետագայում ավելի հայտնի որպես Թուփաք Շաքուր): Նա դարձավ յուրահատուկ ռեփեր։
Նրա տեքստերն ունեին քաղաքական ենթատեքստ, եւ սրանով նա որոշ ժամանակ ետին պլան է մղում այն կատարողներին, որոնք կարդում էին փողոցային հանցագործ կյանքի մասին։ Նա դառնում է իր ժամանակի ամենաշատ լսումներ ունեցող արտիստը։ Նրա տեքստերն այնքան մոտ էին աֆրոամերիկացիների սրտին, որ գրեթե ամեն աֆրոամերիկացու տնից հնչում էին Թուփակի հիթերը։
Թուփակը միակը չէր, որ ռեփն օգտագործեց նման ձեւով։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի մյուս ծայրում սկսում էր շողալ եւս մեկ` հիմա արդեն հանրաճանաչ կատարող Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլասի աստղը (ավելի հայտնի Բիգգի Սմոլս կեղծանվամբ):
Հետագայում այս երկուսի միջեւ կոնֆլիկտը դարձավ նրանց մահվան պատճառ։ Սեպտեմբերի 7-ին Թուփակը մահանում է հրազենային վնասվածքից։ Կես տարի անց նույն սցենարով մահանում է նաեւ Բիգգի Սմոլսը։
Երկու հանցագործությունն էլ մինչ օրս մնում են չբացահայտված։ Ռեփը, սակայն, այս մեծ կորուստներից հետո շարունակեց իր բնականոն զարգացումը։ Հասարակության մեջ կարծրատիպ դարձած այն միտքը, որ ռեփը հատուկ է միայն սեւամորթներին, փշուր-փշուր է անում նոր ծագող աստղ Մարշալ Բրյուս Մաթերսը, որն իր համար ընտրում է Էմինեմ կեղծանունը։
Նա դառնում է առաջին սպիտակամորթ ռեփ կատարողը, որը մեծ համբավ ուներ նույնիսկ աֆրոամեիկացի ունկնդիրների շրջանում։ Նա դառնում է Թուփակի եւ Բիգգիի փիլիսոփայության շարունակողը։
Թուփակի եւ Բիգգիի մահից հետո հայտնվում է այն մեկը, ով նորից բարձրացնում է սոցիալական խնդիրներ, սակայն այս անգամ ավելի լայն հորիզոն է վերցնում եւ հայացքն ուղղում է ոչ միայն սեւամորթներին, այլեւ ամբողջ հասարակությանը։
Սակայն նրա ռեփը զուրկ էր մեղեդայնությունից, եւ բաց տեղը դատարկ չի մնում։ Ասպարեզ է դուրս գալիս Քանյե Ուեսթը։ Նա դառնում է այն եզակի կատարողը, որ ռեփ է բերում մեղեդայնություն։ 2003 թվականին նրա թողարկած «Graduation» ալբոմը գրավում է առաջին տեղերը։ Նա իր հետ բերում է նոր ոճ, որը մինչեւ հիմա մնում է արդիական։ Ուեսթը դառնում է առաջին ոչ սպորտսմենը, որը պայմանագիր է կնքում սպորտային բրենդի հետ եւ սկսում արտադրել սեփական սպորտային կոշիկները:
Նայքի եւ Քանյեի համատեղ աշխատանքում ստացված «Nike Air Yeezy» սպորտային կոշիկը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք սպորտային կոշիկի մոդելը։
Սրանով Քանյեն ցույց է տալիս ռեփ արտիստների բարձր տեղը ոչ միայն երաժշտության, այլեւ համաշխարհային նորաձեւության ասպարեզում։ Հիմա շատ ընկերություններ համագործակցում են ռեփերների հետ։
Ուեսթը նաեւ դառնում է առաջին երգող ռեփերը։ Նախկինում բոլորը կարդում էին ռեփ, իսկ նա ավտոտյունի միջոցով սկսում է ռեփ երգելը։ Նրա այս համարձակ քայլից հետո ամբողջ աշխարհը դադարում է ռեփը միայն որպես հանգավորված տեքստ ընկալելուց, եւ այն դառնում է երաժշտության լիիրավ անդամ։
Մինչեւ Քանյեի ի հայտ գալը ուշադրություն չէր դարձվում ալբոմի վրա պատկերվող նկարին։ Նա դա դարձնում է իր ստեղծագործական աշխատանքի կարեւոր մասնիկներից մեկը։ Եթե ուսումնասիրենք Ուեսթի ալբոմների նկարները, կնկատենք, որ դրանք համահունչ են երաժշտությանը։ Վառ օրինակ է «Graduation» ալբոմը։
Ալբոմում տեղ գտած երգերը ոգեշնչված են ասիական երաժշտությամբ եւ պարունակում են բավականին մեծ հղումներ այդ մշակույթին։
Ներկայում ռեփը կարծես հետընթաց է ապրում։ Եթե դրա զարգացման միջնամասում արտիստներն իրենց երգերում վերհանում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդու ինքնավերագտնումը, սոցիալական անհավասարությունը, ապա հիմա նորից հիթ են դարձել թմրանյութերի մասին երգերը եւ սիրային թեմայով մեկը մյուսից չտարբերվող կատարումները։
Եթե վերը նշված բոլոր կատարողներն իրենց տված որակյալ պրոդուկտի միջոցով երկար ժամանակ մնացել են արդիական, ապա հիմա արտիստները բավականին արագ տեմպերով են անհետանում, ինչն էլ խոսում է նրանց երաժշտության վատ որակի մասին։
Գոռ Իսրայելյան