Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Ռուսաստանի կառավարությունը որոշել է փակել ռուս-վրացական «Կազբեգի-Վերին Լարս» եւ Վրաստանի վերահսկողությունից դուրս մնացած Հարավային Օսիայի «Քվեմո Զարամագի» անցակետերում տեղակայված շարժական կոմիսարիատները:
Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն նշել է, որ Ռուսաստանից մեկնող քաղաքացիների ամենօրյա հոսքը նվազել է, իրավիճակը կայունացել է, եւ պետական սահմանի անցման կանոնակարգման համար լրացուցիչ միջոցների կարիք չկա։
Մենյայլոն պարզաբանել է, որ դաշնային սահմանային ծառայությունն արդեն կազմել է Ռուսաստանից ելքի իրավունքը սահմանափակված քաղաքացիների ցանկը, որում հիմնականում ներառված են Ռուսաստանի այլ շրջանների ներկայացուցիչներ:
Զորահավաքային կետը վերոնշյալ մաքսակետերում տեղակայվել էր ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարվելուց մեկ շաբաթ անց, երբ ՌԴ քաղաքացիները սկսեցին զանգվածաբար լքել երկիրը: