2021 թվականի փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ 10 %-ով է պայթել», ռուսական պաշտոնական ու փորձագիտական տարբեր հերքումների հեղեղ առաջացրեց, հրապարակվեց դրա մարտունակությունը վկայող Սիրիայում նկարահանված տեսանյութ, իսկ վերջում այդ հայտարարության «մեղքը» դրվեց հայկական գեներալիտետի վրա։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո հանգեց եզրակացության, որ «Իսկանդերների» մասին իրեն սխալ են զեկուցել։ Մոսկվան «Իսկանդերի» բարի համբավը «ռեաբիլիտացրեց», եւ աղմուկը հետզհետե հանդարտվեց:
Այս ամենից օրեր անց համացանցում մի ուշագրավ տեսանյութ հայտնվեց «Լազարյան ակումբի» 2018 թվականի դեկտեմբերի 1-ի նիստից, որտեղ ռուս ռազմական փորձագետները հայտարարում են, որ Ռուսաստանն «Իսկանդեր» է մատակարարել Հայաստանին եւ ոչ թե Լեռնային Ղարաբաղին, հետեւաբար համակարգը չի կարող կիրառվել Ղարաբաղյան հակամարտության մեջ, ավելին՝ թիրախի նշանառության համակարգը Հայաստանի վերահսկողության տակ չէ, եւ այն կիրառելու համար հայկական կողմը պետք է դիմի Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային երկու համակարգերը Երեւանում առաջին անգամ ցուցադրվեցին 2016-ի սեպտեմբերին՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ: Կարծիք կար, թե համալիրները մատակարարվել են Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2015 թվականին կնքված 200 միլիոն ԱՄն դոլարի չափով պետական արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագրի շրջանակում: Սակայն այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ հրթիռային համալիրները ձեռք են բերվել ՀՀ բյուջետային միջոցների հաշվին եւ Հայաստանի Հանրապետության սպառազինությունն են:
Այս գործարքը գաղտնի է, եւ որեւէ փաստաթուղթ չի հրապարակվել: Կա ընդամենը փորձագիտական կարծիք դրանց տեսակի եւ արժեքի վերաբերյալ՝ «Իսկանդեր է», 70-100 մլն ԱՄՆ դոլար:
Հայտնի է, որ Հայաստանը միակ երկիրն է, որին ՌԴ-ն մատակարարել է «Իսկանդեր» համակարգեր: Ու թեեւ դրանք, ըստ էության, չզսպեցին Ադրբեջանի ագրեսիան եւ 44-օրյա պատերազմում որեւէ դեր չունեցան, ՀՀ իշխանության ներկայացուցիչներն այժմ խիստ կարեւորում են «Իսկանդերների» առկայությունը մեր բանակում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե փաստացի ինչ է եղել պատերազմի ընթացքում:
««Իսկանդերը» շատ լուրջ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգ է, որի հնարավորություններն ամբողջ աշխարհի բոլոր պետությունների կողմից գնահատվում են որպես շատ լուրջ մարտավարական եւ ռազմավարական խնդիրներ լուծող հրթիռային համակարգ, եւ, իհարկե, դրա առկայությունը ՀՀ զինված ուժերում շատ կարեւոր է: Խնդիրն այն է, որ պետք է զարգացնել եւ ունենալ այն քանակությամբ, ինչ անհրաժեշտ է ՀՀ-ին՝ այս նոր մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասաց Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե թուրքական աղբյուրներում տեղեկություններ են եղել, որ նոյեմբերին՝ զինադադարից օրեր առաջ, «Իսկանդերի» առնվազն 1 հրթիռ է արձակվել Բաքվի վրա, բայց վնասազերծվել է իսրայելական արտադրության Barak-8 ՀՕՊ համակարգով, Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը, որովհետեւ, ըստ իմ ունեցած տվյալների եւ գիտելիքի, «Իսկանդերը» հնարավոր չէ խոցել այդպիսի ՀՕՊ միջոցներով, որովհետեւ «Իսկանդերի» առավելությունը հենց այն է, որ անկանխատեսելի հետագծով է շարժվում եւ հասնում թիրախին, այդ պատճառով է աշխարհում համարվում լավագույն հրթիռային համակարգը»:
ՌԴ Հրթիռահրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» կիրառման ապացույցներ չկան: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ «Իսկանդերը» Հայաստանին տրամադրվել է որպես «ռազմավարական սպառնալիք» Ադրբեջանի դեմ, իսկ ղարաբաղյան հակամարտության մեջ համակարգն օգտագործելու արգելքի մասին ոչինչ չի լսել. «Դրանց տրամադրումը, այսպես ասած, «թագավորների վերջին փաստարկն է», որ եթե Ադրբեջանը գրավեր Ղարաբաղը, Հայաստանը կարող էր սպառնալ, որ կկիրառի «Իսկանդերը»՝ թիրախավորելով գործարաններ, Ալիեւի նախագահական նստավայրը կամ առանձնատունը կամ ռազմավարական այլ օբյեկտներ: Դա տարածաշրջանային զսպման համար է, որ տրամադրված մի քանի հրթիռները լուծեն փոքր ծավալի մի քանի կրակային խնդիրներ: Դա փոքր է Թուրքիայի նման հակառակորդին զսպելու համար, բայց լիովին բավարար է՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները»:
Սիվկովը կարծիք հայտնեց, որ հայ մասնագետները լավ են յուրացրել «Իսկանդեր» համակարգը. «Պատերազմում ուժերի հարաբերակցությունը 1/6 կամ 1/8 էր, եւ Ղարաբաղում տեղի ունեցածը հայ զինվորի հերոսությունն է ու հայկական ուժի հաղթանակը, թեեւ Հայաստանում շատերն այն պարտություն են համարում: Ցանկացած պատերազմ ողբերգություն է, բայց կապիտուլյացիա համարողները պարզապես փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել: Ադրբեջանի ղեկավարությունը չհասավ իր քաղաքական նպատակին՝ գրավել ամբողջ Ղարաբաղը, եւ ռազմական հարձակումը նրանք դադարեցրին, որովհետեւ սպառել էին իրենց ներուժը, ունեին հսկայական կորուստներ, որոնք այժմ թաքցնում են: ՌԴ իշխանությունների հայտարարելը, թե Ադրբեջանը պարտվել է, կնշանակի նոր ոտնձգություններ Բաքվի կողմից, դրա համար Մոսկվան հայտարարում է «ոչ-ոքիի» մասին»:
ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանի կարծիքով «Իսկանդերի» կիրառման կամ չկիրառման հարցը հստակեցնելու լավագույն տարբերակը խորհրդարանական լսումներ կազմակերպելն է ու, թերեւս, գաղտնի նիստի ընթացքում պարզել փաստերը, ներկայացնել «Իսկանդերի» գնման պայմանագիրը, որը ցույց կտա դրա տեղակայման ու շահագործման մանրամասները, նաեւ կպարզվի դրա սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի առկայությունը, որքանով է այդ գնումն ինտեգրացված եղել ՀՀ պաշտպանական ռազմավարության եւ պաշտպանական օպերատիվ ծրագրերում:
«Զարմանալի է, որ խորհրդարանը մինչ օրս դա չի նախաձեռնել: Պատերազմի ընթացքից դատելով՝ Հայաստանն ընդհանրապես չի ունեցել այնպիսի ՀՕՊ համակարգ, որը կապահովեր իր առջեւ դրված խնդիրները: Ադրբեջանն ուներ ժամանակակից սպառազինությունների գնման ծրագիր, որի մասին բոլորը տեղյակ էին, նաեւ հայերը: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակ ՊՆ փոխնախարար, ապա նախարար Դավիթ Տոնոյանն ինքն է ասել, որ նման սպառազինություն Իսրայելն առաջարկել է նաեւ ՀՀ-ին, իսկ ինքը հրաժարվել է: Հայաստանն իմացել է, թե ինչ կարգի պատերազմ է սանձազերծվելու իր դեմ, եւ չի պատրաստվել դրան: Այստեղ կա միջազգային ռազմական համագործակցության խնդիր, որ ՀՀ-ն իր ամբողջ ռազմական կառույցը կազմակերպում է սոսկ Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը հենվում է արտաքին գործընկերային ցանցի վրա, այդ թվում՝ Իսրայելի, Թուրքիայի, Ռուսաստանի, նաեւ ունեցել է տեղական համատեղ արտադրություն միջազգային համբավ ունեցող արտադրողների հետ. օրինակ՝ հայերի դեմ կռվել են ադրբեջանա-հարավկորեական եւ ադրբեջանա-հարավաֆրիկյան արտադրության սպառազինություններ: Հայաստանը տապալել է միջազգային ռազմական համագործակցության ուղղությունը»,- ասաց Խարազյանը:
Ըստ նրա՝ անհիմն են ՀՀ իշխանությունների արդարացումները, թե Ռուսաստանը ՀԱՊԿ-ի ներքին գներով շատ ավելի մատչելի սպառազինություն է մատակարարում. «Ռուսական արտադրանքն ակնհայտորեն չի բավարարում Հայաստանի կարիքները՝ թե՛ տեխնոլոգիական կատարելության, թե՛ մատակարարման եւ թե՛ գիտելիքների փոխանցման հուսալիության առումով: Ոչ ոք չի կարող Հայաստանին արգելել համագործակցել ՆԱՏՕ անդամ երկրների հետ: ՀԱՊԿ-ի անդամ լինելը նպատակ եւ արժեք չէ, ՀՀ-ն կարող է լինել այս կամ այն ռազմական համագործակցության շրջանակի անդամ՝ իր անվտանգության խնդիրներով պայմանավորված: ՀԱՊԿ-ի անդամ լինելը Հայաստանին չօգնեց, երբ նա դիմակայում էր միանգամից երկու ծայրահեղ սպառնալիքների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գրոհին, եւ ՀՀ դաշնակից երկիրը՝ Ռուսաստանը, որի շուրջ էլ ՀԱՊԿ-ն է կառուցված, ոչ միայն չօգնեց, այլեւ աշխատեց ՀՀ-ի թշնամիների հետ՝ Հայաստանին պարտադրելով ստորացուցիչ պարտություն ու շարունակելով ճնշումը ՀՀ-ի վրա պատերազմից հետո, որ զիջումներ արվեն, օրինակ՝ սահմանային խնդիրներում: Նման դաշինքը պարզապես զսպում է ՀՀ-ի կարողությունը՝ դուրս գալու միջազգային շուկա, եւ թույլ չի տալիս զարգանալ»:
Խարազյանը նկատեց, որ թեեւ Փաշինյանը նախքան իշխանության գալը տպավորություն էր ստեղծել իր արեւմտամետության մասին, սակայն վարչապետ դառնալուց հետո հայտարարեց արտաքին քաղաքական կուրսը չփոխելու մասին եւ որեւէ հարաբերություն չի զարգացրել ԵՄ-ի հետ, որեւէ գործնական խոսակցություն չի եղել ԱՄՆ-ի հետ, նորմալ հարաբերություններ այդպես էլ չեն ստեղծվել Իսրայելի հետ. «Հայաստանը որեւէ քայլ առաջ չի գնացել միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, հակառակը, զիջել է: Այս երկչոտ, սեփական ուժերին չվստահելու կեցվածքով ՀՀ-ն գլխացավանք է նաեւ ՌԴ-ի համար, որն էլ թելադրում է ինչ անել եւ ստորադասում է ՀՀ-ի շահերը իր մյուս գործընկերների հետ շահերին: Խնդիրը քաղաքական մշակույթի, սեփական կարողություններին վստահելու մեջ է: Սխալները շտկելու համար պետք է պոկվել այդ կախարդված շրջանից եւ տարբեր վեկտորներով զարգացնել ՀՀ քաղաքական ու ռազմական միջազգային գործակցության ցանցը: Մինչդեռ Հայաստանը հակառակն է անում. իր ուղեծիրը փոխելու եւ կեցվածքը հավասարակշռելու փոխարեն է՛լ ավելի է ճկվում դեպի Ռուսաստան, այն աստիճանի, որ մի գրավիտացիոն դաշտ է մտել, որտեղ այսուհետ շատ դժվար է լինելու դրանից պոկվել: Դրա տրամաբանական ելքը, շատ ցավալի է ասել, կարող է լինել ՀՀ պետականության կորուստը: Եվ դա մատուցվում է որպես ՀՀ ֆիզիկական ապահովության մասին հոգատարությունից բխող հեռանկար: Այս գավառական միտումները Հայաստանը տանում են կործանման: Ես շատ կուզեմ, որ ՀՀ քաղաքական դաշտը ցուցաբերի սա հասկանալու հասունություն»:
Շուրջ 20 տարի լրագրության ոլորտում եմ: Լուսաբանում եմ սոցիալ-տնտեսական, քաղաքական թեմաներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու եմ: