Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարում։
Ծանրորդներ Արա Աղանյանը, Գարիկ Կարապետյանը եւ Լիանա Գյուրջյանը հոկտեմբերի 22-ին ալբանական Դյուրես քաղաքում վստահ հաղթանակ են տարել՝ իրենց տարիքային խմբերում նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Մրցումային օրվա ընթացքում առաջինը Հայաստանի հավաքականից մրցահարթակ էին դուրս եկել Լիանա Գյուրջյանն ու Էմմա Պողոսյանը։ Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+125) արդյունք, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Պողոսյանը երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձել փոխչեմպիոն:
Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր մոտեցումները՝ հաղթելով նաեւ պոկում ու հրում վարժություններում եւ նվաճել նաեւ փոքր ոսկե մեդալները։
Մ20 մրցաշարում Գարիկ Կարապետյանը, որ պայքարից դուրս էր 96 կգ քաշային կարգում, ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաեւ պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրաված թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեն երկամարտում 27 կգ-ով զիջել է Գարիկ Կարապետյանին:
Մ23 ծանրորդների 96 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Արա Աղանյանը։ Հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաեւ պոկում ու հրում վարժություններում:
Հայաստանի հավաքականը, որը Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով, երկամարտում մեդալների թիվը հասցրել է 9-ի: