Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ Կենտրոնը հոկտեմբերի 28-30-ը մասնակցելու է «Առողջապահություն եւ դեղագործություն» EXPO 2022 ցուցահանդեսին, որը կազմակերպում են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։
Կենտրոնից հայտնել են նաեւ, որ ցուցահանդեսի առաջին օրը՝ հոկտեմբերի 28-ին՝ 12։00-18։00-ն, քաղաքացիները հնարավորություն կունենան շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անցնելու ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտ B-ի եւ C-ի անվճար, գաղտնի եւ անանուն հետազոտություններ, որոնց պատասխանները կարող են ստանալ 15-20 րոպեի ընթացքում։
Հետազոտվել ցանկացողները նշված օրը կարող են մոտենալ Մերգելյան (մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական) ինստիտուտի հարակից տարածքում տեղակայված շարժական կլինիկա։
Նախաձեռնությունն իրականացնում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը միացյալ ծրագրի ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակում:
Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին ցուցահանդեսի շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տաղավարում կենտրոնի մասնագետները կպատասխանեն այցելուներին հետաքրքրող հարցերին։