Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված համատեղ հոդվածում գրել են, որ Եվրամիությունն ու «Մեծ Յոթնյակի» երկրները պետք է սկսեն մտածել Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման մասին արդեն այսօրվանից։ Նրանք կոչ են արել սկսել մշակելու մի ծրագիր, որն այդ երկրի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ համադրելի լինի այն ազդեցության հետ, որը Եվրոպայի տնտեսության վերականգնման համար ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունված «Մարշալի պլան»-ին։
Հոդվածում նշվում է, որ հետպատերազմական Ուկրաինան պետք է շատ արագ ոտքի կանգնի եւ վերականգնի իր տնտեսությունը։ Ըստ նրանց՝ վերականգնման նշված ծրագրից է կախված լինելու՝ ինչպիսի երկիր է լինելու Ուկրաինան ապագայում։ «Մշտապես պետք է զգուշավոր լինել պատմական այս կամ այն իրադարձության հետ համեմատականներ անցկացնելուց, սակայն այդ ծրագիրը այլ բան չի լինելու, քան 21-րդ դարի նոր «Մարշալի պլան»»,- նշված է հոդվածում։
Շոլցն ու ֆոն դեր Լայենը հոդվածում թվարկել են ռուսական զինուժի ձեռքով ավերած եւ վերականգնման կարիք ունեցող ուկրաինական տնտեսության ոլորտներն ու ենթակառուցվածքները։ Խոսքը վերաբերում է բնակֆոնդին, դպրոցներին, ճանապարհներին, կամուրջներին եւ էներգամատակարարման համակարգերին։
Նրանք համոզմունք են հայտնել, որ ո՛չ Ուկրաինան ինքնուրույն, ո՛չ գործընկերներն առանձին-առանձին ի վիճակի չեն վերականգնելու ուկրաինական տնտեսությունը։ Ըստ Շոլցի եւ ֆոն դեր Լայենի՝ Եվրամիությունն ու «Մեծ Յոթնյակը» պետք է մեկտեղեն իրենց ջանքերը եւ հանդես գան միասնական ճակատով։ Անհրաժեշտ կլինի ստեղծել արդյունավետ գործող վերահսկիչ մարմին, որը կզբաղվի այդ ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարով։ «Ուկրաինայի վերականգնման ճանապարհը նաեւ Ուկրաինայի ճանապարհն է դեպի Եվրամիություն»,- ասված է հոդվածում։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ հոկտեմբերի սկզբի դրությամբ պատերազմի հետեւանքով Ուկրաինայում ավերվել է 94 հազար 596 ենթակառուցվածք եւ օբյեկտ, ներառյալ 74 հազար բնակելի տուն։ Նշվում է, որ երկրի հետպատերազմական վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար, սակայն եվրոպացիներն ավելի վաղ հայտարարել են, որ 350 միլիարդ դոլարը լիովին բավարար կլինի Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման համար։
Պատրաստեց Արման Գրիգորյանը